Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն: Ձևավորումը։ Դեռ Հնչակյան կուսակցության պառակտումից մի քանի տարի աոաջ՝ 1890 թվականին, Հայ Հեղափոխական շարժումը նշանավորվեց ազգային նոր կուսակցության՝ Հայ հեղափոխականների դաշնակցության հիմնադրումով։ Կուսակցության ձևավորումը կովկասահայ հեղափոխական մտքի բազմազանության, տեսակետների ու գաղափարների հակադրության և ընդհանուր թշնամու դեմ համատեղ գործելու բարդ ու երկարատև գործընթացի արդյունք էր։
1880-ական թթ. վերջերից Օսմանյան կայսրությունում սկսված հայության բնաջնջման քաղաքականությունն ու դրան ի պատասխան բռնկված հայոց զինված ազատագրական պայքարը մեծ արձագանք էր գտնում կովկասահայ երիտասարդության ու մտավորականության լայն շրջաններում։ Հայ ազգային հեղափոխական կազմակերպությունների, ապա կուսակցությունների ծավալած գործունեությունը, 1890 թ. Կուկանյանի արշավանքը, Կարնո և Գում Գափուի ցույցերի վերաբերյալ Կովկաս հասնող լուրերն է՛լ ավելի հրամայական էին դարձնում արևելահայության կազմակերպման, հեղափոխական բոլոր ուղղությունները մեկ նպատակի ուղղորդելու ձգտումը։ Միքայել Վարանդյանը մեզ է փոխանցել ընդհանուր մթնոլորտի տրամադրությունը. «Թիֆլիսը և գավառը արտակարգ իրարանցումի մեջ էին։ Ձեոքե ձեռք կանցնեին գաղտնի հրատարակությունները - արտասահմանեն ստացվող «Արմենիա»–ի հազվագյուտ թիվերը, արգիլված Ռուսաստանի մեջ, «Հնչակը», նույնպես արգիլված։ Ձեոքե ձեոք կանցնեին և Պետերբուրգի հայ ուսանողներու կարմիր բրոշյուրները, որոնց մեջ կր պատմվեին բուլղար, հույն ապստամբներու-սարկավագ Լեսկիներու և Բոցարիսներու-դավադրական և ռազմական սխրագործությունները։ Բայց ամենեն ուժով կր զարնեին կովկասահայոց սրտին ու մտքին Թուրքահայաստանեն տեղացող սարսռեցուցիչ լուրերը»։
Թիֆլիսի հայ ազատագրական խմբակների վրա մեծ էր ինչպես ազգայնական, այնպես էլ նարոդնիկական և ընկերվարական գաղափարների ազդեցությունը։ Հիմնականում ռուսական հեղափոխական շրջանակների բովով էին անցել նաև «Երիտասարդ Հայաստան» կազմակերպության ղեկավարները՝ Քրիստափոր Միքայելյանն ու Սիմոն Զավարյանը: Թիֆլիսի «Յուժնիե նոմերա» հյուրանոցում հավաքվող խմբակը փաստորեն դառնում էր երկրամասի հեղափոխական մտքի կարևորագույն մի բևեռ, որին հակադրված էին ազգայնականները, սրանք հավաքվում էին «Սևեռնիե նոմերա» հյուրանոցում՝ Կոստանդին Խատիսյանի գլխավորությամբ։ Խաչատուր Մալումյանի շուրջն էին համախմբված «Մշակի» ուղղության հետևորդները, ազդեցության աոանձին ոլորտ էին զբաղեցնում Հնչակյանները։
Այս գաղափարական և քաղաքական այլակարծության մթնոլորտում կար միավորող մի նպատակ՝ Արևմտահայաստանի հարցի լուծումը։ Օդում սավառնում էր բոլոր հայ հեղափոխականներին մեկ դրոշի ներքո համախմբելու գաղափարը։
Արդեն 1889 թ. աշնանից Քրիստափոր Միքայելյանի, ապա Սիմոն Զավարյանի ջանքերով սկսվեցին միավորիչ ժողովները։ Ծանր բանավեճերով և գաղափարական տարակարծություններով առլեցուն հավաքների ընթացքում ի հայտ եկան Քրիստափոր Միքայելյանի ակնհայտ կազմակերպչական կարողությունները։ Իր հուշերում Սիմոն Վրացյանը գրել է. «Քրիստափորն իր անկեղծ ու անսահման հավատով դեպի նոր գործը, հզոր իմացականությամբ, կուռ տրամաբանությամբ ու հուժկու կամքով, ծով լայնախոհությամբ ու մարդոց հոգիներր գերելու ուժով, կարողացավ հաշտեցնել ու միացնել այլազան հոսանքներն ու ձգտումները և հիմք դնել մի մեծ կազմակերպության՝ մեծ գործի համար»։
Հիմնական տարակարծությունները երեք կարևորագույն խնդիրների՝ Արևմտյան Հայաստանի անկախության, սոցիալիզմի և կազմակերպական կառույցի ձևի շուրջն էին։
Ի տարբերություն Հնչակյանների, որոնք դրել էին Հայաստանի անկախության հարցը և անգամ հաստատագրում էին ապագա պետության սոցիալիստական վարչաձևը, խմբերի մի զգալի մասը հակված էր որպես նպատակ հռչակել Ներսես Վարժապետյանի ծրագիրը՝ Արևմտյան Հայաստանի վեց նահանգների երաշխավորված ինքնավարությունը։ Մեծամասնությունը միակարծիք էր նաև ապագա պետականության սոսկ ընդհանուր ուրվագիծ տալու հարցում:
Սոցիալիզմի խնդրում հիմնական հակասությունը «Հյուսիսայինների» և «Հարավայինների» միջև էին։ Կոստանդին Խատիսյանի կողմնակիցները կողմ էին հարցն ընդհանրապես չարծարծել ՝ գտնելով, որ հակառակ պարագայում հնարավոր չի լինի համախմբել ողջ ազգը ընդհանուր նպատակի շուրջ։ Հնչակյանների նույնքան անզիջում հակառակ կեցվածքը փորձում էին մեղմել միջանկյալ ելք որոնող Քրիստափորն ու Զավարյանը։
Կազմակերպության ձևի ընտրության մեջ, ի տարբերություն կենտրոնացման սկզբունքի, Սիմոն Զավարյանն առաջ էր քաշում ապակենտրոնացման ձևը՝ տեղական լայն նախաձեռնության իրավունքներով։
Հիմնական տարաձայնություններից զատ կային նաև նոր կազմակերպության անվան, նրա ղեկավար մարմինների նստավայրի, պաշտոնաթերթի հրատարակման և այլ զործնական խնդիրներ։
Ի վերջո, 1890 թ. հուլիս-֊օգոստոս ամիսներին աշխատանքներն ավարտվեցին և առանց բացառության բոլոր կողմերը միաձայնությամբ հատուկ մանիֆեստով հռչակեցին նոր կուսակցության ծնունդը, որը ստացավ Հայ Հեղափոխականների դաշնակցություն անունը: Ընդունվեց կուսակցության մանիֆեստը, իսկ ծրագրի և կազմակերպական կանոնների մշակումը թողնվեց ապագայում գումարվելիք ընդհանուր ժողովին։ Որոշվեց կուսակցությունը կառուցել կենտրոնացման սկզբունքով և ընտրվեց կենտրոնական վարչություն հետևյալ կազմով՝ Քրիստափոր Միքայելյան, Սիմոն Զավարյան, Հովհաննես Լորիս-Մելիքյան, Աբրահամ Դաստակյան, Լևոն Սարգսյան։ Կազմակերպության կենտրոնավայր ընտրվեց Տրապիզոնը։ Որոշվեց ունենալ երկու պաշտոնաթերթ՝ «Հնչակն» ու «Դրոշակը»։ Առաջինին, որը հրատարակվում էր ժնևում, վերապահվում էր տեսաբանական խնդիրների արծարծումը, իսկ Թիֆլիսում հրատարակվող «Դրոշակ» շաբաթաթերթը կոչված էր քարոզելու հեղափոխական պայքար ժողովրդի մեջ։ Երկու այդ թերթերի խմբագրակազմերի խնդիրը ևս թողնվեց լուծելու հետագայում բանակցությունների միջոցով։
Մանիֆեստում փաստորեն արծարծվում էր մեկ կոնկրետ նպատակ. արևմտահայությունը կենաց և մահու պայքարի մեջ է և նորաստեղծ կազմակերպությունը միավորելու է իր բոլոր ուժերը կռիվը ղեկավարելու համար։ «Հայոց Հարցի վճռի հետաձգելը այլևս անկարելի է,-նշվում էր փաստաթղթում: Այսպիսի մի պատմական ճգնաժամի միջոցին առաջին հարցը, որ պետք է զբաղեցնի ամեն մի լուրջ հայրենասերի՝ դա բոլոր հեղափոխական ուժերի միության և դաշնակցության հարցն է։ Այդ հեղափոխական գաղափարի դրոշակակիրն է «Հայ Հեղափոխականների դաշնակցությունը», որ սրանով դիմում է բոլոր հայերին և հրավիրում է կանգնել մի դրոշակի տակ»։
ՀՀԴ-ն թեև նոր է հանդես գալիս իբրև կազմակերպություն, բայց նա վաղուց գործող խմբերի միություն էր։ ««Դաշնակցությունը»,– ասված էր մանիֆեստում,– ձգտելու է միացնել բոլոր ուժերը կապելով իր հետ բոլոր կենտրոնները։ Նպատակ դնելով Թուրքաց Հայաստանի քաղաքական և տնտեսական ազատությունը՝ «Դաշնակցությունը» մտել է այն կռվի մեջ, որ սկսել է ինքը՝ (Ժողովուրդը տաճկաց կառավարության դեմ՝ ուխտելով մինչև արյան վերջին կաթիլը կռվել հայրենիքի ազատության համար»։
Այնուհանդերձ, փոխզիջումներով համախմբված կազմակերպությունը հաջորդ տարվա ընթացքում արդեն լուրջ ճեղքեր տվեց։ Նախ ձերբակալվեցին (1891 թ. գարուն) նրա հիմնադիր կարևորագույն դեմքերից երկուսը Սիմոն Զավարյանն ու Քրիստափոր Միքայելյանը։ Այնուհետև չհաջողվեց գաղափարի շուրջ համախմբել Թիֆլիսի խմբակների մի մասին ու հնչակյաններին։ 1891 թ. մայիսին Հնչակյան կուսակցությունը պաշտոնական հայտարարությամբ դուրս եկավ Հայ Հեղափոխականների դաշնակցությունից, ինքնամեկուսացան մշակականները՝ Խաչատուր Մալումյանի, և «Ֆրակցիա» անվանյալ խմբակը՝ Կոսաանդին Խատիսյանի գլխավորությամբ։ Հստակ գաղափարական հիմքի և կազմակերպական կանոնների բացակայության պայմաններում հեղափոխական կառույցի աշխատանքները ենթարկվեցին ձախողման։
Միայն 1891 թ. սկզբներին աքսորից վերադարձած Ռոստոմի (Ստեփան Զորյան) ջանքերի շնորհիվ էր, որ հնարավոր դարձավ ստեղծել որոշակի հենարան՝ ի դեմս մարտական-հեղափոխական ակտիվ գործունեություն ծավալող խմբերի։ Կենսունակ և ազատագրական պայքարի բովում ներառված այս խմբերը 1892 թ. սկզբներին պահանջեցին գումարել կազմակերպության ընդհանուրը ժողով և նոր սկզբունքներով վերակառուցել այն։ Ռոստոմից բացի, ընդհանուր ժողովի գումարման նախաձեռնողներից էին Հոնան Դավթյանն ու Տիգրան Օքոյանր։ Վերջիններիս խմբագրությամբ կազմվեց ընդհանուր ժողովի հրավեր-ծրագիր Հայ Հեղափոխականներին` հետևյալ օրակարգային հարցերով. ա) Հեղափոխության նպատակը, բ) կազմակերպությունը, գ) միջոց-տակտիկան։
1892 թ. աշնանը Թիֆլիսում գաղտնի պայմաններում գումարվեց Դաշնակցության առաջին ընդհանուր ժողովը։ Ռոստոմի վկայությամբ ժողովն ուներ խորհրդակցական բնույթ։ Մտքերի փոխանակության ընթացքում բոլոր այն հարցերը, որ դրվում էին քննության, ենթարկվում էին վիճաբանության այնքան ժամանակ, մինչև բոլորը համաձայնվում էին հարցի այս կամ այն վերջնական ձևակերպմանը, ոչ մի հարց չէր ենթարկվում քվեարկության, դրանք բոլորն ընդունվում էին միաձայն հավանությամբ։ Ժողովը փոփոխեց կուսակցության անվանումը՝ Հայ Հեղափոխականների դաշնակցության փոխարեն Հայ Հեղափոխական դաշնակցություն (ՀՀԴ)։ Վերածվելով միաձույլ կազմակերպության՛ նա ընդունեց իր ծրագիր ֊կանոնագիրը, որը Ռոստոմի հավելված-ներածականով հրատարակվեց կուսակցության պաշտոնաթերթում։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am