Գյուլխանդանյան Աբրահամ: Ծնվել է 1875թ. Հայաստանի Վաղարշապատ քաղաքում: Մահացել է 1946թ. Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Հասարակական-քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Գևորգյան ճեմարանը, Յարոսլավլի Դեմիդովյան բարձրագույն վարժարանի իրավաբանության բաժինը (1914)։ 1898-ից զբաղվել է Բաքվի նավթաշրջանի հայ բնակչության ազգային և սոցիալական պայքարը կազմակերպելու գործով։ Սասնակցել է 1905-1906-ի հայ-թաթարական ընդհարումներին, կազմակերպել Գանձակի հայության ինքնապաշտպանությունը։ 1910-1912-ին ցարական իշխանությունները բանտարկել են Գյուլխանդանյանին։ 1913-ին մտել է Ազգային բյուրոյի՝ Թուրքահայաստանում բարենորոգումներ անցկացնելուն օժանդակող պատասխանատու մարմնի կազմի մեջ։ 1917-ից՝ Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահ։
1919-ի հունիսին Գյուլխանդանյան ընտրվել է ՀՀ (1918-1920) խորհրդարանի անդամ, եղել ՆԳ և արդարադատության, 1920-ին՝ ելևմտական նախարար։
1920թ. դեկտեմբերի 2-ին Ա. Խատիսյանի հետ ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Հայաստանի խորհրդայնացումից հետո անցել է Թիֆլիս, Կ. Պոլիս, ապա հաստատվել Ֆրանսիայում։ Փարիզում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հզ. վավերագրերի կարգավորմամբ։ Երկրորդ աշխարհամարտի (1939-1945) ավարտին, Փարիզը գերմանացիներից ազատագրելուց հետո, ֆրանսիական կոմունիստների պահանջով որդու հետ ձերբակալվել է, բանտարկվել (1944-ի հոկտեմբեր - 1945-ի սեպտեմբեր)։
Գրականության ցանկ
Հայ-թաթարական ընդհարումները, Փարիզ, 1933։
Ազգային շարժումների դրդապատճառները ԺԹ դարում, Փարիզ, 1939։ Յեղափոխական հայուհիներ, Փարիզ, 1939։
Լազյան Գ., Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Կահիրե, 1949:
«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am