Գրիգորյան Սերգեյ Վարդանի: Ծնվել է 1923թ. ապրիլի 14-ին ք. Վլադիկավկազ (Հս. Օսեթիա, ՌԴ): 1930թ. ընտանիքը տեղափոխվել է գ. Աղբուլաղ (Թեթրի-Ծղարոյի շրջան, Ջավախք): 1940թ. ընդունվել է մանկավարժական ինստիտուտ (Թբիլիսի): Զորակոչվել է Զինված ուժեր 1941թ. հունիսի 22-ին Օրջոնիկիձեի ՇԶԿ-ի կողմից: 1942թ. ավարտել է ռազմաբժշկական ուսումնարան (Խարկով): Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 1943թ. փետրվարի 12-ից: 1943թ. օգոստոսին մասնակցել է Ուկրաինայի ազատագրմանը: Նրա դասակը կռվի դաշտից դուրս է բերել 250 վիրավոր զինվոր ու ապա, իսկ Գրիգորյանը անձամբ` 40-ից ավելի: 1943թ. հոկտեմբերի 4-ին գ. Աննովկայի (Վերխնեդնեպրովսկի շրջան, Դնեպրոպետրովսկի մարզ, Ուկրաինա) մոտ մարմնով ծածկել է գումարտակի հրամանատարին, փրկել նրա կյանքը և զոհվել: Թաղված է գ. Դնեպրովոկամենկա (Վերխնեդնեպրովսկի շրջան), ուր տեղադրված է հուշարձան: Դնեպրի հաջող գետանցման, արևմտյան ափին հենակետի ամրապնդման և ընդլայնման, արիության և հերոսության համար սանիտարական դասակի (3-րդ հրաձգային գումարտակ, 19-րդ Օդադեսանտային գունդ, 10-րդ գվարդյայի Օդադեսանտային դիվիզիա, 37-րդ Բանակ, Տափաստան. ռազմաճակատ) հրամանատար, բժշկական ծառայության գվարդյայի լեյտենանտ Ս. Վ. Գրիգորյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1943թ. դեկտեմբերի 20-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով: Պարգևատրվել է Կարմիր աստղի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշաններով, «Արիության համար» մեդալով: 1960թ. Թեթրի-Ծղարոյում տեղադրվել է հուշարձան:

 

Գրականության ցանկ  

«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am