Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Գորշ գայլեր կազմակերպություն

 Գորշ Գայլեր համաթուրքական նեոֆաշիստական, ահաբեկչական քաղաքական կազմակերպություն: Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության ռազմական թևը: Կազմակերպության առաջնորդն էր Ա. Թյուրքեշը (1969-1997), 1997-ից՝ Դ. Բահչելին, գաղափարախոսը՝ Ն. Աթսըզը: Համագործակցում է թուրքական հատուկ ծառայությունների, մասնավորապես Ազգային հետախուզական կազմակերպության հետ: Խնդիրն է Թուրքիայում ձախակողմյան շարժման առաջնորդների վեացումը, քրդական շարժման ճնշումը, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) անունից սադրիչ գործողությունների իրականացումը: Ղարաբաղյան պատերազմի տարիներին գրոհային և խափանողական ջոկատներ է ուղարկել Ադրբեջան:

 1988-ից Ադրբեջանում գործում է նույնանման կազմակերպություն, որը սերտորեն համագործակցում է թուրքական «Գորշ գայլեր»-ի հետ: «Գորշ գայլեր»-ի ադրբեջանական մասնաճյուղը պաշտոնապես գրանցվել է 1992-ի գարնանը՝ որպես ԱԺՃ ահաբեկչական թև: Մասնաճյուղի ղեկավարն էր ԱՀ ՆԳ նախկին նախարար Ի. Համիդովը, փոխնախագահ Ք. Մուխտալին: 1-ին համագումարը տեղի է ունեցել Բաքվում, 1993-ի դեկտեմբերի 26-ին, կազմակերպության առաջնորդ է ընտրվել Բ. Ահմեդովը: 1993-94-ին Ադրբեջանում «Գորշ գայլեր»-ի գրոհայինների թիվը հասել է 10-15 հզ-ի: Ադրբեջանական «Գորշ գայլեր»-ի նպատակն է Ադրբեջանի գերիշխանությունը հաստատել ԼՂՀ-ի, Վրաստանի ադրբեջանաբնակ տարածքների, Դաղստանի (ՌԴ), ինչպես նաև ՀՀ որոշ տարածքների վրա՝ դրանք համարելով Ադրբեջանի «պատմական տարածքներ»: Ղարաբաղյան հիմնահարցում բացառել է որևէ փոխզիջում, կողմ է արտահայտվել հարցը ռազմական ճանապարհով լուծելու օգտին: Դեմ է Ադրբեջանի անդամակցությանը ԱՊՀ-ին: 

 Աջակցել է չեչեն գրոհայիններին՝ ՌԴ ԶՈՒ դեմ մարտնչելու գործում, այդ նպատակով կազմակերպել է գրոհային ջոկատներ և գործուղել Ձեչնիա: Կուսակցության ծրագրում «հայ ազգայնականներին» համարել է իր սկզբունքային ե հավերժ հակառակորդը: 1995-ի մարտին «Գորշ գայլեր»-ի ձեռնարկած պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո, ԱՀ Գերագույն դատարանի որոշմամբ՝ կազմակերպության գործունեությունն արգելվել է, Ի. Համիդովը զրկվել է պատգամավորական մանդատից և բանտարկվել: 1995-ի հուլիսի 11-ին կազմակերպության հիմքի վրա ստեղծվել է համաթուրքական Ազգային ժողովրդավարական կուսակցությունը (առաջնորդ՝ Ի. Համիդով, նախագահ՝ Ռ. Ահմեդով): Ունի շուրջ 4000 անդամ (2003):

 

Հ. Չաքրյան 

Գրականություն

 Չաքրյան Հ., Ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում, Ե., 1998:

Դեմոյան Հ., Ղարաբաղյան հակամաոտությունը և թուրքական գործոնը, Ե., 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am