Գոբլի ծրագիր: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբերակներ, որոնք հայտնի են դրանց հեղինակի՝ Փոլ Գոբլի անվամբ: ԽՍՀՄ ազգությունների հարցերով զբաղվող ամերիկացի փորձագետ-վերլուծաբան Փ. Գոբլը 1980-ական թթ. աշխատել է ԱՄՆ Պետական քարտուղարությունում, իսկ 1990-ական թթ.՝ Ազատություն, Ազատ Եվրոպա ռադիոկայանի Վաշինգտոնի գրասենյակում:

 1992-ից Փ. Գոբլը առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային փոխանակումների միջոցով: Ըստ Գոբլի ծրագիրի, մասնավորապես, նախատեսվում է, որ Ադրբեջանի Լաչինի շրջանի և Հայաստանի Մեղրիի շրջանի փոխանակմամբ Ադրբեջանն ուղղակի աշխարհագրական կապ կհաստատի Նախիջևանի, իսկ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ դեպքում չի բացառվել նաև Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման կամ Հայաստանի կազմի մեջ մտնելու հնարավորությունը:

 Գոբլի ծրագիր խիստ բացասական արձագանք է գտել հայ հանրության մոտ, քանի որ նման «տարածքային առևտրի» արդյունքում Հայաստանը կզրկվի Իրանի հետ իր ունեցած ուղղակի աշխարհագրական կապից, իսկ Թուրքիան և Ադրբեջանը կկարողանան ցամաքային անմիջական կապ հաստատել միմյանց միջև: Ռուսաստանը և Իրանը դեմ են արտահայտվել Գոբլի ծրագրին, ինչը կհանգեցներ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության և տարածաշրջանում Թուրքիայի միջոցով ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացմանը:

 Հաշվի առնելով այս տարբերակի նկատմամբ խիստ բացասական արձագանքները, Փ. Գոբլը հետագայում առաջարկել է Ադրբեջանը, ի լրումն Լաչինի շրջանին, Հայաստանին հանձնի նաև Նախիջևանի Սադարակի շրջանը, որպեսզի Հայաստանը չզրկվի Իրանի հետ ուղղակի աշխարհագրական կապից:

 Հայ հանրության խիստ արձագանքը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դրանով կխորացվեր Հայաստանի պաշարումը երկու թյուրքական պետությունների կողմից և նոր զարկ կտրվեր պանթյուրքիզմի աճին: Այդ նույն պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության նման կարգավորումը կհակասեր ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի և Ռուսաստանի ազգային շահերին, ինչի մասին բազմիցս խոսել են այդ երկրների փորձագետ-վերլուծաբանները: Գոբլի մշակած տարբերակների կիրառումն ավելի կբարդացներ չլուծված առկա խնդիրները՝ ստեղծելով նոր խոչընդոտներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին: Բացի այդ, Փ. Գոբլի ծրագրերում միտումնավոր խեղաթյուրվում են ղարաբաղյան հակամարտության իրական սուբյեկտները՝ ԼՂՀ ու Ադրբեջանը, և փաստորեն փորձեր էր արվում խնդիրը լուծել երրորդ կողմի՝ Հա-յաստանի Հանրապետության տարածքի հաշվին:

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am