«ՂԱՐԱԲԱՂ» կոմիտե: Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե, 1988-ի մայիսին ստեղծված կազմակերպություն: Գլխավորել է հայ ժողովրդի պայքարը Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանի հետ վերամիավորելու համար սկսված Ղարբաղյան շարժումը: «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը նախաձեռնել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի աշխատակից Իգոր Մուրադյանը: Կոմիտեին անդամագրվել են Բաբկեն Արարքցյանը, Հ. Գալստյանը, Ս. Գևորգյանը, Ռ. Ղազարյանը, Ս. Ղազարյանը, Ա. Հակոբյանը, Վ. Մանուկյանը, Ա. Մանուչարյանը, Վ. Սիրադեղյանը, Դ. Վարդանյանը, Լ. Տեր-Պետրոսյանը: Այն կազմակերպել և ղեկավարել է ժողովրդի բազմահազարանոց ցույցերն ու հանրահավաքները: Նպատակն էր կենտրոնական իշխանությունների ուշադրությունը բևեռել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հայ ժողովրդի արդար պահանջի և այն սահմանադրորեն բավարարելու վրա: «Ղարաբաղ» կոմիտեի մեծ հեղինակություն և վստահություն է ձեռք բերել ժողովրդի մեջ: 1988-ի հոկտեմբեր-նոյեմբեր և 1989-ի օգոստոս ամիսներին տեղի ունեցած ՀԽՍՀ ԳԽ մասնակի ընտրությունների ժամանակ պատգամավորներ են ընտրվել «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ Լ. Տեր-Պետրոսյանը, Ա. Մանուչարյանը և Ռ. Ղազարյանը:

1988-ի դեկտեմբեր–1989-ի հունվար ամիսներին կոմիտեի բոլոր անդամները ձերբակալվել են և պահվել Մոսկվայի տարբեր բանտերում: Ժողովուրդը լայն պայքար է ծավալել նրանց ազատելու համար: 1989-ի ապրիլ-մայիսին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներն ազատվել են և վերստին ստանձնել Ղարաբաղյան շարժման ղեկավարումը:

 Կոմիտեն ընդլայնել է շարժման ծրագիրը՝ ընդգրկելով երկրում ժողովրդավարական ազատությունների ապահովմանը, հանրապետության ինքնիշխանության ընդարձակմանը (հետագայում նաև անկախ պետականության հաստատմանը), պատմական անցյալի վերագնահատմանը, կենսոլորտի բարելավմանը, հայոց լեզվի դերի ընդլայնմանն ու հայկական դպրոցների զարգացմանը վերաբերող հարցեր: Հիմնականում այս խնդիրների իրագործման նպատակով «Ղարաբաղ» կոմիտեիի նախաձեռնությամբ ստեղծվեց Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) հասարակական-քաղաքական կազմակերպությունը, որի հիմնադիր համագումարի ընտրած վարչության կազմում ընդգրկվել են «Ղարաբաղ» կոմիտեի գրեթե բոլոր անդամները:

 ՀՀ անկախության հռչակումից (1991) հետո, ներքին գաղափարական և քաղաքական տարաձայնությունների հետևանքով, «Ղարաբաղ» կոմիտեի պառակտվել է, նրա մի շարք անդամներ դուրս են եկել նաև ՀՀՇ-ից՝ կազմելով նոր հասարակական քաղաքական կազմակերպություն:

 

Գականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան: Երևան 2004:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am