Գարեգին ԽաժակԳարեգին Խաժակ: Ծնվել է 1867թ. օգոստոսի 6-ին Գյումրի քաղաքում: Ընտանիքը կոչվել է Չախալ Օղլի, որը հետագայում վերանվանվել է Խաժակի կամ Խաժակնյանի: Ծննդավայրում նախնական կրթություն ստանալուց հետո 1883-86թթ. սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1886-93թթ. յոթ տարի շարունակ ուսուցիչ է աշխատել Բաքվի, Գանձակի և Ագուլիսի ծխական դպրոցներում: 1893-96թթ. սովորել է Ժնևի համալսարանի փիլիսոփայության բաժնում, որն ավարտելուց անմիջապես հետո մեկ տարի որպես դաշնակցական գործիչ աշխատել է Ալեքսանդրիայում, վեց ամիս Իզմիրում, երկու տարի Կ. Պոլսում: Ութ ամիս բանտարկվելուց հետո աքսորվել է Կովկաս և կրկին զբաղվել ուսուցչական գործունեությամբ: Հասարակագիտական բազմակողմանի գիտելիքների տեր լինելով նա հակված էր քաղաքական հակառակորդների հետ բանավիճել խոսքով և գրչով: 1895թ. դեռևս ուսանող և միաժամանակ Հ. Յ. Դ. պաշտոնաթերթ «Դրոշակի»-ի խմբագիրներից մեկը երկու ամիս գործել է Բուլղարիայում (Ռուշչուկ, Վառնա, Յամբոլ)՝ քարոզչական նպատակներով, և շնորհիվ իր «բուռն խառնվածքի, լավ խոսելու և քաջավարժ բանակռվի» կարողացել է ամուր հիքերի վրա դնել իր կուսակցության կառույցների գործունեությունը, տարածել «Դրոշակը»: 1897թ. գործել է Իզմիրում և բանակռիվ վարել Մաթևոս Մամուրյանի հետ: Երկու տարի նա եղել է Շուշիի թեմական դպրոցի վարիչ, հետո 1903թ. տեղափոխվելով Թիֆլիս` անդամակցել է «Մշակ»-ի խմբագրակազմին, վարել ներքին լուրերի բաժինը և սրբագրությունը, իսկ 1904թ.-ից Ներսիսյան դպրոցի պատմության, ֆրանսերենի և քաղաքատնտեսության ուսուցիչ: 1906թ. Ավետիս Ահարոնյանի և Ե. Թոփչյանի հետ Թիֆլիսում հիմնել է «Հառաջ» և «Ալիք» թերթերը, միաժամանակ եղել «Հառաջ»-ի մատենաշարի վարչության անդամ: 1908թ. Հ. Յ. Դ. տխրահռչակ լիժինյան դատավարության գործով ձերբակալվել է և վեցամսյա բանտարկությունից ազատվել երաշխավորությամբ: Ապա կրկին ձերբակալվել է և մեկ տարի բանտարկվել Թիֆլիսի (Մետեխ), Բաքվի, Ռոստովի և Նավոչերկասկի բանտերում: Լինելով Հ. Յ. Դ. Թիֆլիսի Կենտրոնական կոմիտեի անդամ նա մեղադրվել է հակակառավարական գրքույկներ, կոչ-թռուցիկներ կազմելու և քարոզչական նպատակներով դասախոսություններ կարդալու մեջ: Նա մերժել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները: 1912թ. ամռանը Ավետիս Ահարոնյանի և Ավետիք Իսահակյանի հետ մեկնել է Կ. Պոլիս և 1913թ. ստանձնել Սամաթիայի ազգային վարժարանի տնօրենի պաշտոնը: Առաջին հոդվածը հրատարակել է 1887թ. մայիսին «Մշակում»-ում «Գավառացի երիտասարդություն» վերնագրով, ապա աշխատակցել «Մուրճ»-ին և «Տարազ»-ին: Գ. Խաժակը պարբերական մամուլում հանդես է եկել մի շարք ծածկանուններով. Արծիվյան, Արմեն Գասպար, Բաբա Գասպար, Գասպար, Էմին, Խ. Սլաք: Նա աշխատակցել է հայ բազմաթիվ պարբերականների. «Ազատամարտ», «Առաջամարտ» (Կ. Պոլիս), «Հայրենիք» (Բոստոն), «Հառաջ», «Հորիզոն», «Վտակ», «Ալիք», «Մշակ», «Տարազ», «Գեղարվեստ», «Մուրճ» (Թիֆլիս), «Դրոշակ» (Ժնեւ), «Ռազմիկ» (Վառնա): Բավականին բեղուն է եղել նրա հրապարակախոսական-գիտական գրիչը: 1896թ. հրատարակվել են նրա առաջին` «Մի բարոյական այլանդակություն հեղափոխական մաքուր գործում» և «Ժողովրդի բանաստեղծը` Քամառ Քատիպա» գրքույկները, 1903-1904թթ.` «Հարկերը Տաճկաստանում», «Հայրենիք և ազգային շարժումներ», «Հայկական շարժման պատճառները», 1905թ.` «Ռուսական Զեմստվոն և Կովկասի պահանջները», 1907թ.` «Դեպի ֆեդեռացիա», 1912թ.` «Ի՞նչ է ազգությունը», «Տառապանքի գիշերը», 1913թ.` «Ի՞նչ է դասակարգ», «Հին Արեւելք» գրքերը: Ռուսերենից թարգմանել է Վինոգրադովի երեք հատորանոց «Ընդհանուր ազգաց պատմություն», Ֆ. Դոստոեւսկու, Ն. Օստրովսկու և ուրիշների երկերը: Նա խոսում էր ոչ շատ գրական, ժողովրդին մատչելի լեզվով՝ խոսքը համեմելով սրամտություններով և առածներով: Տարբեր ժողովներում, հանրահավաքներում և լրագրային հոդվածներում անխնա էր իր հակառակորդների հանդեպ՝ ձգտելով երբեք տեղի չտալ: Մեծ Եղեռնի ժամանակ նա պոլսահայ մյուս մտավորականների հետ ձերբակալվում է ու աքսորավայրում դառնում թուրքական հայակեր քաղաքականության զոհը: Անհնար է առանց դույզն իսկ հուզմունքի և սրտի ցավի ընթերցել եղեռնաբախտ մտավորականի վերջին նամակները: 1915թ. մայիսին, ապա հուլիսի 4-ին Տիգրանակերտի աքսորավայրից կնոջն ուղղված նամակներում Գ. Խաժակը մասնավորապես գրում էր. «Ինձ հետ են Այաշի բանտարկյալներից հետևյալները. Ակնունի, Զարդար, Սարգիս Մանասյան, Տաղավարյան, Ճիհանկյուլ: Չենք իմանում թե ինչի՞ մեզ տանում են, բայց մեծ հույս ունիմ, որ նորից կտեսնենք միմյանց: Ահա շուտով կլրանա 48 տարիս, բայց 48 օր հանգիստ վայրկյաններ չեմ ունեցած. հայության անիծյալ ճակատագիրը միշտ հալածած է ինձ, կարծես նա կենտրոնացած է եղել ինձ և իմ ընկերների վրա: Դառն, խիստ դառն է այսպես ապրելը և մանավանդ այսպես մեռնելը: Ջղայնացած եմ բայց ոչ հուսահատված: Կախաղանի առջև, հաստատ համոզված եղիր, երկու պատկեր պիտի լինի աչքիս առջև. նախ` հայ ազգի տառապանքը, երկրորդ` ձեր պատկերները: Երբ զավակներս մեծնան տուր նրանց կարդան այս տողերս և հետևեն իրենց հոր շավղին, նվիրվեն իրենց ազգի և տառապող ժողովրդի ցավերուն: Թող զավակներս երթան իմ ճամբայով, դառն, բայց ազնիվ ճամբայով»: Անտարակույս, Գ. Խաժակի այս հայրենասիրական պատգամն ուսանելի ուղենիշ է հանուն հայոց ազատության պայքարող սերունդների համար:

 

Գրականության ցանկ

«Ով ով է. Հայեր» Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am