Գարեգին Նժդեհ-Կ'ուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը: ... Ուր եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդ է:

   Զինուոր զաւակդ` Նժդեհ, 1937թ., Սոֆիա

 

 Գարեգին Նժդեհ (Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշեի): Ծնվել է 01.01.1886. Կզնուտ գյուղում (Նախիջևանի գավառ): Մահացել է 21.12.1955,Վլադիմիր քաղաքում (Ռուսաստան): Եղել է ռազմական, քաղաքական և պետական գործիչ, գնդապետ, հրապարակախոս, փիլիսոփա: ՀՀԴ կուսակցության անդամ: Սովորել է ՍՊետերբուրգի համալսարանի իրավաբանության ֆակուլտետումում (1904-ին դուրս է եկել): 1907-ին ավարտել Սոֆիայի սպայական դպրոցը: 1909-ին Կովկասում ցարական  ոստիկանությունը ձերբակալել է Նժդեհին: 1911-ին անցել է Բուլղարիա: 1912-ին Անդրանիկի հետ կազմակերպել է հայկական կամավորական վաշտ (270 զինվոր), որը բուլղարական բանակի շարքերում 1913-ին կռվել է Թուրքիայի դեմ, որի համար բուլղարական կառավարությունը Նժդեհին պարգևատրել է Սպայական խաչով: 1914-ին տեղափոխվել է Թիֆլիս, զինվորագրվել հայկական կամավորական շարժմանը, նշանակվել կամավորական 2-րդ զորաջոկատի հրամանատարի տեղակալ: 1916-ին անցել է Ալեքսանդրապոլ: 1918-ին մասնակցել է Ղարաքիլիսայի ճակատամարտին (մայիսի 24- 29): ՀՀ (1918-1920) հռչակման առաջին իսկ օրվանից զբաղվել է ազգային բանակի կազմավորման և ուսուցման գործով: 1919-ի օգոստոսից Զանգեզուրում եղել է զիված ուժերի հրամանատար: Զորավարական տաղանդը դրսևորվել է հատկապես 1919-ի նոյեմբերին Զանգեգուրի վրա հարձակման ժամանակ թուրք-թաթարական զորքերին կազմակերպված դիմադրություն ցույց տալիս: Նժդեհը չի ընդունել Խորհրդային Ռուսաստանի և ՀՀ միջև 1920-ի օգոստոսի 10-ին կնքված

Գարեգին Նժդեհ համաձայնագիրը, որով Կարմիր բանակը գրավելու էր Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, և շարունակել է պայքարը, իսկ հոկտեմբերի 10-ին Նժդեհի գլխավորությամբ սկսվել է համազանգեգուրյան ապստամբությունը: Նոյեմբերի 21-ին Կարմիր բանակը պարտված հեռացել է Գորիսից: 1920-ի դեկտեմբերի 25-ին Նժդեհը ընտրվել է «Ինքնավար Սյունիքի» (Լեռնահայաստանի Հանրապետություն) սպարապետ՝ դիկտատորի լիազորություններով: Նժդեհի գործունեությունը խափանել է Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի հետ Զանգեզուրը ևս

Ադրբեջանին հանձնելու բոլշևիկյան ծրագիրը: 1921-ի հուլիսին Զանգեզուրից անցել է Պարսկաստան, այնտեղից՝ Սոֆիա: 1932-1934-ին բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ հիմնել է «Ցեղակրոն» շարժումը: Երկրորդ աշխարհամարտի (1939-1945) ժամանակ մասնակցել է գերմանական բանակում հայկական ազգային լեգեոն կազմավորելու գործին: Երբ խորհրդային բանակը մտել է Բուլղարիա (1944), Նժդեհը կամավոր ներկայացել է խորհրդային ռազմական իշխանությանը, տեղափոխվել Մոսկվա, որտեղ 1944-ի նոյեմբերի 2-ին ձերբակալվել է, Երևանում դատապարտվել 25 տարվա բանտարկության: 1948-ին Երևանից տեղափոխել Են Վլադիմիր քաղաքի բանտ, որտեղ և մահացել է: 1983-ին աճյունը գաղտնի տեղափոխվել է Հայաստան և 1986-ին, Նժդեհի կտակի համաձայն, մի փոքր մասունք ամփոփվել է Խուստուփ լեռան լանջին, աճյունը՝ Սպիտակավոր Ս. Աստվածածին վանքում (ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ): 

 Տաթևի վանքի, որը եղել է Լեռնահայաստանի Հանրապետության ղեկավարի նստավայրը, բակում կանգնեցվել է (2003-ին) Նժդեհի հուշարձանը: Նժդեհի անունով Երևանում կոչվել են հրապարակ, փողոց, մետրոպոլիտենի կայարան:

 

 Գրականության ցանկ

 Հատընտիր. Ե., 2006:

Овсепян Ваче, Гарегин Нжде и КГБ. Воспоминания разведчика. − Ер.։ НОФ “Нораванк”, 2007.

 Մեծ գաղափար (նորահատ նյութեր), Ե.. 2002:

Ավետիսյան Հ., Ղազախեցյան Վ. Գարեգին Նժդեհ, Գրա­կան երկեր.հատոր առաջին Ե., 2002:

Ավետիսյան Հ., Ղազախեցյան Վ. Գարեգին Նժդեհ, Գրական երկեր.հատոր երկրորդ Ե., 2002:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ .ՆԱՄԱԿԱՆԻ (1920-1921), Ազգայնական ակումբ հրատ., Երևան, 2002 թ. 

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ.ՀԱՎԱՏԱՄՔ, Գ. Նժդեհ հՐատ., Երևան, 2011 թ.:

Ավո, Նժդեհ. Կեանքն ու գորձունէութիւնը, Բեյրութ, 1968:

Առաքելյան ՎՆժդեհ, Ե., 1989:

Գեվորգյան Վ.. Լեռնահայաստանի հերոսամար­տը (1919-1921), Ե.. 1991:

Լալայան Մ., Գարեգին Նժդեհ (Կյանքը և գործունեությունը), Ե., 1995:

Ղազախեցյան Վ., Նժդեհը Զանգեզուրում. 1920 թ վերջ - 1921թ. հուլիս, Ե , 2001:

Գարեգին Նժդեհ, կենսագրական յաւելումներ, անտիպ գրութիւններ ու խորհրդածութիւննեի, Ե., 2005:

 

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am