Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Եզդիները և ղարաբաղյան պատերազմը

 Եզդիները  և ղարաբաղյան պատերազմը: Եզդիները (ինքնանվանումը՝ էզիդ) ազգություն են: Ապրում են Իրաքում, Թուրքիայում, ՀՀ-ում, Վրաստանում, ՌԴում (Կրասնոդարի երկրամաս): Ընդհանուր թիվը 200 հզ-ից ավելի է, ՀՀ-ում՝ շուրջ 55 հզ. (2003):

 Լեզուն՝ էզդիկի, որով խոսում են նաև հյուսիսային քրդերը, պատկանում է հնդեվրոպական էթնոլեզվաընտանիքի իրանական լեզվախմբի հյուսիսարևմտյան ենթաճյուղին: Մարդաբանական առումով եզդիները պատկանում են եվրոպոիդ մեծ ռասայի արմենոիդ տիպին: Կրոնը՝ եզդիականությունը, չտարբերակված բնույթի է, ձևավորվել է զրադաշտականության, մովսիսականության, քրիստոնեության և մահմեդականության տարրերի հիման վրա: ՀՀ-ում ապրող եզդիները հայերի հետ գտնվում են կենցաղամշակութային կապվածության մեջ:

 Ղարաբաղյան պատերազմի ժամանակ եզդի ազատամարտիկները Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Բաղրամյանի, Ապարանի, Արագածի, Թալինի, Աշտարակի և այլ շրջանների կամավորական ջոկատների, ԼՂՀ ԻՊՈՒ ստորաբաժանումների կազմերում մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Գորիսի (Խնձորեսկ, Շուռնուխ), Վայքի (Բարձունի), ԼՂՀ Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Աղդամի, Լաչինի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Ղարաբաղյան պատերազմում եզդի ազատամարտիկներից զոհվել են Ու. Ասոյանը, Օ. Ավդալյանը, Մ. Բաքիրյանը, Հ. Գալոյանը, Տ. Գելոյանը, Բ. Գուլոյանը, Զ. Թամոյանը, Ռ. Թամոյանը, Ս. Թամոյանը, Բ. Խուդոյանը, Լ. Կոտիևը, Թ. Համզոյանը, Յու. Համզոյանը, Դ. Հաջոյանը, Թ. Հաջոյանը, Ն. Հաջոյանը, Հ. Հուսեյանը, Ս. Միրզոյանը, Ա. Մհոյանը, Ա. Մստոյանը, Ս. Նաբոյանը, Ն. Շամոյանը, Բ. Զատոյանը, Ռ. Պոլոյանը, Ս. Ռասոյանը, Գ. Սադոյանը, Յա. Սադոյանը, Հ. Սուլթանյանը, Ա. Ուսուբյանը, Ռ. Ուսուբյանը, Գ. Քալաշյանը:

 

Գրականություն

Թամոյան Ա., Մենք եզդի ենք, Ե., 2001:

Նույնի, Եզդի ժողովրդի uխրանքը, Ե., 2002:

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

Ա. Թամոյան

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am