Երասխի Ինքնապաշտպանություն 1990: Ինքնապաշտպանական մարտերը հունվարի 17-19-ին։ Երասխը գյուղ է ՀՀ Արարատի մարզում՝ Երևանից 80 կմ հարավ, սահմանակից է Նախիջևանին։ Բնակչությունը՝ 800 (2003)։ Սումգայիթի ցեղասպանությունից, Բաքվի, Կիրովաբադի ջարդերից հետո ադրբեջանցի ազգայնամոլները զինված հարձակումներ են գործել ՀՀ սահմանամերձ գյուղերի վրա։ Հակառակորդը, օգտագործելով իր հարմարավետ դիրքը, Նախիջևանի Հանրապետության Սադարակի բարձունքից հրետակոծել է Արարատի շրջանի սահմանամերձ գյուղերը։ Հրետակոծումից վնասվել են Արարատի գինու կոմբինատը, թռչնաբուծական ֆաբրիկան, առանձնատները՝ պատճառելով մարդկային և նյութական զգալի կորուստներ։ Հակառակորդը հաշված օրերի ընթացքում Երասխի սահմանի երկարությամբ զինված ուժեր և զինտեխնիկա է կուտակել։
Երևանի Անկախության հրապարակում տեղի ունեցած հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվել է Երասխին սպառնացող վտանգի մասին։ Անմիջապես հրապարակից Երասխ են մեկնել կամավորականներ։ Արարատում, Արտաշատում, Մասիսում, Նոր Հաճնում, էջմիածնում, Հոկտեմբերյանում կազմավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ և, զինվելով ինքնաշեն զենքերով՝ հասել են Երասխ։ Ջոկատներից և առանձին կամավորականներից կազմավորվել է աշխարհազորային գումարտակ (ընդհանուր հրամանատար՝ Վ. Սարգսյան)։ Առաջին զինված ընդհարումը տեղի է ունեցել հունվարի 17-ին։ Հայկական ինքնապաշտպանական ուժերը դիրքավորվել են Արաքսի հովտում, հակառակորդը՝ բնական ամրություններով պաշտպանված բարձունքներում։ Չկարողանալով շոշափելի հաջողություների հասնել՝ հայկական ինքնապաշտպանական ուժերի հրամանատարները հունվարի 17-ի գիշերը ռազմական խորհրդի նիստ են գումարել, որոշել գրոհի արդյունավետ ուղղությունները։ Հունվարի 18-ի ուշ երեկոյան վճռական հարձակման անցնելով՝ հայկական ուժերը դուրս են մղել հակառակորդին և գրավել գրեթե բոլոր ռազմավարական բարձունքները։ Հունվարի 19-ին հակառակորդը հետ է մղվել դեպի Նախիջևան, ոչնչացվել են բոլոր կրակակետերը։ Երասխի մարտերում զոհվել են Մովսես Գորգիսյանը և Ե. Սաղումյանը։
Գ. Զանիկյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am