Եվրոպայի հայկական միությունների ֆորում (ԵՀՄՖ): Համաեվրոպական հայկական կազմակերպություն: Հիմնադրվել է 1998-ին՝ Եվրոպայի յոթ երկրների (Շվեյցարիա՝ նախաձեռնող, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Անգլիա, Հունգարիա, Ռուսաստան) հայ համայնքների տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ֆորումի նպատակն է պայմաններ ստեղծել Եվրոպայի հայկական կազմակերպությունների միջև մշտական հաղորդակցություն ապահովելու, համագործակցություն հաստատելու և ամրապնդելու, համատեղ խնդիրներ ու ծրագրեր քննարկելու և դրանք միասնաբար լուծելու համար:
1999-ի մայիսին Բրյուսելում (Բելգիա) կայացել է ԵՀՄՖ-ի առաջին ընդհանուր ժողովը, որին մասնակցել է Եվրոպայի 15 երկրների հայ համայնքների շուրջ 200 ներկայացուցիչ: Բրյուսելի համաժողովը հաստատել է ԵՀՄՖ-ի կանոնադրությունը, սահմանել գործունեության հիմնական ուղղությունները:
ԵՀՄՖ-ի 2-րդ ընդհանուր ժողովը (2000-ի հունիս, Բուդապեշտ) որոշել է տարբեր բնագավառների մասնագիտական խորհրդաժողովներ անցկացնել և Բրյուսելում քաղաքական-տեղեկատվական գրասենյակ հիմնել:
ԵՀՄՖ-ի 3-րդ ընդհանուր ժողովը (2001-ի հունիսի 1-4-ը, Բոնն) որոշում է ընդունել մայիսի 9-ը (Շուշիի ազատագրման օրը) Եվրոպայում հայտարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օր և իր անդամ միություններին, համայնքներին, ինչպես նաև Եվրոպայի բոլոր հայ համայնքներին կոչ է արել այդ օրը կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ և դրանցից գոյացած հասույթը տրամադրել ԼՂՀ-ին:
ԵՀՄՖ-ի այդ կոչը մեծ արձագանք է ունեցել Եվրոպայի հայության շրջանում և կազմակերպական ձև է ստացել սեպտեմբերի 17-ին կնքված եռակողմ համաձայնագրով: Այն ստորագրել են ԵՀՄՖ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և ԼՂՀ Կառավարությունը: Ըստ համաձայնագրի՝ ԼՂՀ Կառավարությունը ներկայացնում է մարդասիրական ծրագրեր, ԵՀՄՖ կազմակերպում է դրամահավաք միջոցառումներ (հեռախոսամարաթոններ և այլն), իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է նպատակային ծրագրերը:
3-րդ ընդհանուր ժողովում ԵՀՄՖ-ին անդամակցել են նաև Ավստրիայի և Ռումինիայի հայկական կազմակերպությունները. ֆորումի անդամ-երկրների թիվը հասել է 19-ի:
ԵՀՄՖ-ի մասնագիտական ճյուղավորումներից է Հայ գործարարների ֆորումը, որն ստեղծվել է Եվրոպայում գործող հայ գործարարների միջև կապերի ամրապնդման ու տեղեկատվական դաշտի ստեղծման նպատակով: 2000-ին՝ Բուդապեշտում, 2001-ին ժնևում հրավիրված Եվրոպայի հայ գործարարների համաժողովները քննարկել են միմյանց հետ համագործակցելու և Հայաստանում ու Արցախում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցեր: Եվրոպայի հայ գործարարների ֆորումը ստեղծել է գործադիր մարմին, որի գրասենյակը գտնվում է ժնևում: 2002-ի փետրվարին Փարիզում անցկացվել է Եվրոպայի հայ իրավաբանների ֆորում:
2002-ի մարտին Բրատիսլավայում ԵՀՄՖ-ի հովանավորությամբ տեղի է ունեցել եվրոպահայ մամուլի առաջին համաժողովը, որին մասնակցել են 10 երկրներից ժամանած մոտ 20 լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ ու լրագրողներ: Համաժողովը որոշել է ստեղծել միասնական տեղեկատվական ցանց, հրատարակել եվրոպահայ մամուլի տեղեկատու, ստեղծել լրատվական կենտրոն ու եվրոպահայ մամուլի ակումբ, աշխուժացնել հայրենիք-սփյուռք լրատվական կապերը:
Համաժողովներ են տեղի ունեցել նաև 2002-ին Ուփսալայում (Շվեդիա), 2003-ին՝ Վենետիկում, ապա՝ ժնևում: 2003-ի սեպտեմբերին ԵՀՄՖ-ից անջատված թեը հիմնադրել է Եվրոպայի հայկական համագումար կազմակերպությունը:
Ներկայումս ԵՀՄՖ միավորում է Եվրոպայի 29 սփյուռքահայ կազմակերպությունների: Գրասենյակներ են հիմնվել ժնեում ե Բրյուսելում: ԵՀՄՖ ունի գործադիր մարմին, քաղաքական խորհուրդ ե խորհրդատվական մարմին:
1999-ից ԵՀՄՖ-ի ընդհանուր քարտուղարն է Թորոս Սաղրյանը (Սակերյան):
ԵՀՄՖ-ի գործունեությանը պարբերաբար անդրադառնում են «Օրեր» (Պրահա) համաեվրոպական անկախ ամսագիրը (խմբագիր՝ Հակոբ Ասատրյան) և «Արմենիա» (Երևան) պատկերազարդ հանդեսը (խմբագիր՝ Հ. Մոսկոֆյան):
Ա. Սարգսյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am