Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ), մինչև 1994-ը՝ Եվրոպայի անվտանգության ու համագործակցության խորհրդակցություն (ԵԱՀԽ), տարածաշրջանային խոշոր կազմակերպություն՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 55 երկրների (2004) մասնակցությամբ: Հիմնադրվել է 1975-ին, նստավայրը՝ Վիեննայում: Մասնաճյուղեր ունի Կոպենհագենում, ժնևում, Հաագայում, Պրահայում և Վարշավայում: Զբաղվում է եվրոպական առանձին տարածաշրջաններում հակամարտությունների կանխատեսման, կանխարգելման, իրադրության կարգավորման ու առողջացման հարցերով:
Հայաստանը և Ադրբեջանը ԵԱՀԽ-ի անդամ են 1992-ից, որից անմիջապես հետո այն դարձել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կազմակերպությունը:
ՀՀ և ԱՀ կառավարությունների հրավերով ԵԱՀԽ-ի առաջին պատվիրակությունը հակամարտության գոտի է այցելել 1992-ի փետրվարի 12-18-ին: Առանձին խմբերով Ստեփանակերտում, Գորիսում և Աղդամում կատարած ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում, պատվիրակության կազմած զեկուցագրի հիման վրա, ԵԱՀԽ ավագ պաշտոնատար անձանց կոմիտեն փետրվարի 28-ին որոշում է կայացրել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Հիմնական շեշտը դրվել է կրակը դադարեցնելու, մարդասիրական միջանցքի ստեղծման, զինամթերքի առաքման արգելքի սահմանման և այլնի վրա: Առաջարկվել է նաև տարածաշրջանում ունենալ ԵԱՀԽ դիտորդներ:
Սակայն, որոշման իրականացման ընթացքը վերահսկող մեխանիզմների անկատարության և կոնկրետ լծակների բացակայության պատճառով, ԵԱՀԽ-ի որոշումը իրական որևէ ազդեցություն չի ունեցել: Օգտվելով դրանից՝ Ադրբեջանը շարունակել է հարձակողական ռազմական գործողությունները, ԼՂՀ-ի շրջափակումը և այլն: Չնդհատվող ռազմական գործողությունները հարկադրել են ԵԱՀԽ-ին 1992-ի մարտի 14-ին անդրադառնալու Ղարաբաղյան հակամարտության խնդրին, վերահաստատել նախկին որոշման պահանջները և խնդիրը քննարկել ԵԱՀԽ նախարարների խորհրդում: 1992-ի մարտի 24-ին Հելսինկիում կայացած ԵԱՀԽ նախարարների խորհրդի լրացուցիչ հանդիպման արդյունքում որոշվել է Մինսկում ԵԱՀԽ-ի հովանու ներքո հրավիրել Մինսկի համաժողով: Հակամարտության գոտում ռազմական գործողությունների սաստկացման և այլ հանգամանքների բերումով համաժողովը չի կայացել, բայց հանդիպումները այդ նպատակով շարունակվել են, որոնց արդյունքում ձևավորվել է Մինսկի խումբը:
1994-ի դեկտեմբերի 5-ին Բուդապեշտում, 1996-ի դեկտեմբերին Լիսաբոնում կայացել են ԵԱՀԿ գագաթնաժողովները, որտեղ առաջարկվել են հակամարտության կարգավորման դրույթներ (տես նաև Բուդապեշտի գագաթնաժողով, Լիսաբոնի գագաթնաժողով):
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am