Դրո (Կանայան Դրաստամատ Մարտիրոսի)Դրո (Կանայան Դրաստամատ Մարտիրոսի, 31.05.1884, Իգդիր - 8.03.1956, Բոստոն, 2000–ին աճյունը տեղափոխվել է Ապարան և վերաթաղվել Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի մոտ), ռազմական և քաղաքական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։

 Սովորել է Երևանի ռուսական գիմնազիայում, Պյատիգորսկի զինվորական ուսումնարանում (1904)։ 1905-ի օգոստոսին Բաքվում ահաբեկել է (կուսակցության հանձնարարությամբ) հայթաթարական բախումների հրահրիչ նահանգապետ Նակաշիձեին։ 1908-ին անցել է Արևմտյան Հայաստան, կազմակերպել հայդուկային խմբերի համար զենք փոխադրելու գործը։ Առաջին աշխարհամարտի (1914-18) ժամանակ՝ Հայկական 2-րդ կամավորական զորաջոկատի հրամանատար, 1917-ի վերջին՝ Սարիղամիշում ռազմական կոմիսար։ Ղեկավարել է թուրքերի դեմ Բաշ Ապարանի ճակատամարտը (1918-ի մայիսի 24-29)։ 1918-ի հայ-վրացական պատերազմի ժամանակ՝ Դիլիջան-Լոռի ուղղության հայկական զորախմբի հրամանատար։ 1920-ի նոյեմբերից՝ Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար։ 1920-ի դեկտեմբերի 2-ին, որպես ՀՀ Կառավարության ներկայացուցիչ, ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լեգրանի հետ Երևանում ստորագրել է Հայաստանի խորհրդայնացման համաձայնագիրը: Միաժամանակ երկկողմանի համաձայնությամբ, մինչև Ադրբեջանից Հայհեղկոմի ժամանելը, իշխանությունը հանձնվել է Դրոյին։ Ըստ համաձայնագրի 6-րդ կետի՝ որպես ձախ դաշնակցական՝ մտել է Հայհեղկոմի կազմի մեջ, սակայն Երևան ժամանած Հայհեղկոմը չի ճանաչել այդ որոշումը։ Մինչև 1921-ի հունվարի 4-ը եղել է Խորհրդային Հայաստանի զորքերի ընդհանուր հրամանատարը։ Նպաստել է Փետրվարյան հակախորհրդային ապստամբության (1921) կազմակերպմանը։ 1928–ից՝ վտարանդի (Ռումինիա, Լիբանան)։ Երկրորդ աշխարհամարտի (1939-45) ժամանակ գործակցել է Գերմանիայի հետ՝ հայ ժողովրդի և Հայաստանի անվտանգությունն ապահովելու ակնկալությամբ։ Պատերազմից հետո հեռացել է քաղաքական ակտիվ գործունեությունից, հաստատվել է Լիբանանում, ապա՝ ԱՄՆ-ում։

 ՀՀ ԶՈՒ սահմանել է «Դրաստամատ Կանայան» մեդալ, «Դրաստամատ Կանայան» անվամբ կոչել զորամաս, որտեղ կանգնեցված է Դրոյի արձանը։

 

 

Գրականության ցանկ

Ով ով է. հայեր,Կենսագրական հանրագիտարան, Հատոր 1, 2005 թ.:
Դրո. կենսագրական հուշեր, վկայություններ (կազմ.՝ Ա. Անդրանիկյան), Ե., 1991։

Գևորգյան Հ., Դրո (Կանայան Դրաստամատ), Ե., 2000։

Գևորգյան Հ., Դրո , ԵՊՀ հրատ., Երևան, 2014 թ.:



 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am