Դեմիրճյան Կարեն Սերոբի: Ծնվել է 1932թ. ապրիլի 17-ին, Երևանում: Մահացել է 1999-ի հոկտեմբերի 27-ին Երևանում: Պետական, կուսակցական-քաղաքական գործիչ: ԽՄԿԿ անդամ 1955-ից: ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար (1974-88): ՀՀ Աժ նախագահ (1999): Հայաստանի Ազգային հերոս (1999, հետմահու): Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1954) և ԽՄԿԿ ԿԿ առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը (1961): 1954-1955-ին աշխատել է Լենինգրադում: 1955-1966-ին՝ Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ արտադրամասի վարպետ, տեխնոլոգ, կուսկոմիտեի քարտուղար, գլխավոր ճարտարագետ, տնօրեն: 1966-1972-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972-1974-ին՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, 1991-ից՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն:
Դեմիրճյանի ղեկավարման տարիներին (1974-1988) շահագործման են հանձնվել «Զվարթնոց» և Գյումրի օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը, Երևանի մարզահամերգային համալիրը, կառուցվել Արփա-Սևան թունելը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, Մասիս-Նուռնուս և Հրազդան-Իջևան երկաթուղային մայրուղիները, Ս. Շահումյանի տունը, գրապալատը և այլն:
1975 թ. ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին, ապրիլի 24-ին հանրապետության քաղաքական ղեկավարությունը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդում՝ զոհերի հիշատակին, երեկոյան հայտարարվել է լռության րոպե:
Դեմիրճյանի ջանքերով 1978-ի ՀԽՍՀ նոր Սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը: 1980-ին կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը, վերանորոգվել Ստեփանակերտի թանգարանը և Շուշիի Ս. Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցին: Անդրադարձել է ԼՂԻՄ-ի հայերի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությանը, ԽՄԿԿ Քաղբյուրոյի անդամների հետ քննարկել արցախահայության սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, արտագաղթի պատճառները: 1988-ին Մ. Գորբաչովը քննադատել է Հայաստանում վերակառուցման քաղաքականության իրականացման գործընթացի անարդյունավետությունը, որից հետո Դեմիրճյանը ազատվել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից:
1998-ին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀժԿ): 1999-ին, ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եղել է ՀժԿ և Հայաստանի հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահ (Վ. Սարգսյանի հետ): Ընտրություններում ՀժԿ ստացել է 21 պատգամավորական մանդատ, իսկ Դեմիրճյանը 1999-ի հունիսին ընտրվել է ՀՀ Աժ նախագահ:
Սպանվել է ՀՀ Աժ դահլիճում 1999-ի հոկտեմբերի 27-ին կատարված ոճրագործության ժամանակ: Պարգևատրվել է Լենինի 2, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և ՀՀ «Հայրենիք» շքանշաններով և մի շարք պետական այլ պարգևներով:
Դեմիրճյանի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը, փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: 2004-ից Երևանում գործում է Դեմիրճյանի թանգարանը:
Հ. Այվազյան
Գրականություն
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am