Դավիթ Կյուրապաղատ (ծննդյան թվականը անհայտ-1000), Տայքի կյուրապաղատության (իշխանապետության) տիրակալ 966-ից։ Հայ Բագրատունիների Տայքի ճյուղից։ Բյուզանդիայի Վասիլ II կայսրը, ի հատուցում Վարդաս Սկլերոսի ապստամբության ճնշմանը Դավիթ Կյուրապաղատի ցուցաբերած օգնության, 979-ին նրան նվիրել է Խաղտո Առիճ, Չորմայրի, Կարին, Բասեն, Մարդաղի, Հարք, Ապահունիք գավառները։ Բյուզանդիայի ազդեցությունը թոթափելու նպատակով Դավիթ Կյուրապաղատի զորքերը մասնակցել են Վարդաս Փոկասի ապստամբությանը, որի ճնշումից հետո Վասիլ II կայսրը Դավիթ Կյուրապաղատին հարկադրել է ստորագրել «կտակ», որով մահից հետո նրա տիրույթներն անցնելու էին Բյուզանդիային։ Դավիթ Կյուրապաղատը շարունակել է ընդարձակել իր տիրույթները, հատել սեփական դրամ, համագործակցել Հայոց և Վրաց թագավորներին, որոնք 998-ին նրա օգնությամբ Ծումբի ճակատամարտում հաղթել են Հայաստան ներխուժած Ատրպատականի ամիրա Մամլանի զորքերին։ Երկյուղելով Դավիթ Կյուրապաղատի հզորացումից և ինքնուրույն քաղաքականությունից՝ բյուզանդական արքունիքը դավադրաբար սպանել է նրան և նվաճել Տայքը։
Դ. Կյուրապաղատի պատվերով արաբերենից հայերեն է թարգմանվել «Պղնձե քաղաքի պատմությունը»։
Գրականություն
Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան), հատոր 1
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am