Չամչյան Միքայել Չամչյան Միքայել (Կարապետ) Աբրահամի: Ծնվել է 1738 թվականի դեկտեմբերի 4-ին Կ.Պոլիսում: Եղել է պատմաբան, լեզվաբան, աստվածաբան: 1762թ-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, 1769-ից վարդապետ, 1795-1823 թթ. Կ.Պոլսի Մխիթարյանների Մեծավոր: 1757-1762 թթ. սովորել է Վենետիկի Ս. Ղազարի Մխիթարյան վարժարանում, տիրապետել հին և նոր բազմաթիվ լեզուների: Զբաղվել է քարոզչությամբ և ուսուցչությամբ. 1776–1789 թթ. եղել է Ս. Ղազարի Մխիթարյան դպրոցի վերատեսուչ: Նրան աշակերտել են Մ. և Հ. Ավգերյանները, Մ.Ջախջախյանը, Ղ. Ինճիճյանը և ուրիշներ: Չամչյանը հեղինակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը (1779), որն ակնառու դեր է խաղացել հայոց լեզվի ուսուցման գործում և շուրջ հարյուր տարի օգտագործվել որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք (1801-1859-ին ունեցել է 15 վերահրատարակություն): Մերժելով լատինաբան հեղինակների քերականությունները, նրանց նորամուծությունները, որոնք, կաղապարվելով լատիներենին, չեն ներկայացրել գրաբարի քերականության իրական նկարագիրը, նա վերջնական ու վճռական հարված է հասցրել լատինաբանությանը և նպաստել հայերենի քերականության նախնական ու հարազատ վիճակը վերականգնելու և հայերենը խորթ ու օտար տարրերից մաքրելու գործին: Չամչյանի գիտական ժառանգության գլուխգործոցը «Պատմութիւն Հայոց ի սկզբանէ աշխարհի մինչև ցամ Տեառն 1784» (պր. 1–3, 1784–86) երկասիրությունն է, որը Մովսես Խորենացու Պատմությունից հետո Հայոց ամբողջական, համահավաք պատմություն ստեղծելու առաջին փորձն է: «Պատմութիւն Հայոց»-ը պատմական իրադարձությունները դիտել է որպես Աստծո կամքի արտահայտություն, նախախնամության հետևանք, նույնացրել ժողովրդի և եկեղեցու պատմությունը: Հայոց պատմության շատ հարցեր քննարկել է կաթոլիցիզմի շահախնդրության դիրքերից:

 Մեծ է Չամչյանի վաստակը հայ աստվածաբանության ու մեկնողական գրականության զարգացման գործում: Նրա աստվածաբան. առաջին աշխատությունը «Վահան ուղղափառութեան» քառահատորյակն է (չի պահպանվել): Սա դավանաբանական վիճաբանություն է ընդդեմ Կ. Պոլսի Հակոբ Նալյան պատրիարքի «Գիրք կոչեցեալ վէմ հաւատոյ» և «Ճրագ ճշմարտութեան» հակակաթոլիկ. երկասիրությունների: Չամչյանին առանձնակի հետաքրքրել են Սաղմոսարանն ու նրա հայերեն թարգմանությունները: Երկարատև տքնաջան աշխատանքի արդյունք են սաղմոսների Ավագ օրհնություններին նվիրված «Նուագարան օրհնութեանց...» (1801) երկասիրությունը և սաղմոսները մեկնող «Մեկնութիւն սաղմոսաց» տասը մեծադիր հատորները (հ. 1–10, 1815–23): Վերջինս հայ մեկնողական գրականության գլուխգործոց է: Սաղմոսների հայերեն տեքստերը համեմատելով հունարեն, լատիներեն, ասորերեն, եթովպերեն, արաբերեն թարգմանությունների հետ և ապա՝  եբրայերեն բնագրի օգնությամբ Չամչյանը ներկայացրել է սաղմոսների հայերեն հնագույն թարգմանությունների նախնական ու հարազատ օրինակները՝ մանրամասն ծանոթագրություններով և բացատրություններով: Չամչյանը մեկնաբանել է նաև սաղմոսների գեղարվեստական, իմաստասիրական և գեղագիտական արժեքները: Անտիպ է Չամչյանի նույն եղանակով մեկնված «Մեկնութիւն Ավետարանին Յովհաննու» աշխատությունը (գտնվում է Վենետիկի Մխիթարյանների ձեռագրատանը):

 Չամչյանը  գործել է այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը մայր հայրենիքում և գաղթավայրերում տարաբաժանված էր դավանական երկու հակամարտ հատվածների: Առավել չափավոր ու ազգային նկարագիր ունեցող հայ կաթոլիկ որոշ գործիչների, այդ թվում և Չամչյանին, մտահոգել է այդ վիճակը: Գիտակցելով, որ դավանական անզիջում պայքարն է՛լ ավելի է մասնատում ժողովրդին և նրան դարձնում անպաշտպան ու թույլ, Չամչյանը փորձել է հաշտեցնել հակամարտ կողմերին և քարոզել եղբայրական սեր ու միություն: Նա դեմ է եղել հայերի շրջանում կաթոլիկ միսիոներների հավատափոխ. գործունեությանը և հանդես եկել հայերի ազգային, մշակութային, կրոնական և կենցաղային ավանդույթներն անխաթար պահելու օգտին: Նրա ջանքերը նպաստել են լատինամոլների դեմ մղվող պայքարին: Չամչյանը  ձգտել է օսմանյան կայսրությունում բնակվող հայ կաթոլիկների համար տանելի կացություն ստեղծել՝ օսմանյան օրենքների համակերպությամբ, հայ կաթոլիկ հոգևոր վերնախավի և Կ. Պոլսի հայոց պատրիարքության հովանավորությամբ: Իր որդեգրած քաղաքականությունն իրականացնելու նպատակով հեղինակել է դավանաբանական բնույթի մի աշխատություն, որի հիմնական խնդիրը Հայ առաքելական եկեղեցու ուղղափառությունը հիմնավորելն էր: 40 տարուց ավելի նա աշխատել է <<Վահան հաւատոյ, յորում հաստատի ուղղափառութիւն Հայաստանեայց եկեղեցւոյ սկսեալ ի Սրբոյն Գրիգորէ Հայաստանեայց Լուսաւորչէ մինչև ցայսօր>> մեծածավալ (շուրջ 900 էջ) երկասիրության վրա: Աշխատության յուրաքանչյուր տասը գլուխներում Չամչյանը մեկ առ մեկ հերքել է Վատիկանի կողմից Հայ եկեղեցուն ներկայացված տասը կարծեցյալ մոլորությունները: <<Վահան հաւատոյ>>-ն դավանական  հաշտության կոչ էր հատկապես Կ. Պոլսի առաքելական և կաթոլիկ հայկական համայնքներին: Ապացուցելով Հայ եկեղեցու ուղղափառությունը և մերժելով լատինամոլների ներկայացրած հերետիկոս և հերձվածող որակումները՝ Չամչյանը շեշտել է, որ ինչպես Կաթոլիկ եկեղեցին, այնպես էլ Հայ եկեղեցին լիիրավ, համազոր և համահավասար անդամն է Ընդհանրական քրիստոնեական  եկեղեցու, և որոշ վերապահությամբ է մոտեցել նույնիսկ պապական գերիշխանության հիմնահարցին: Չամչյանը և նրա գաղափարակիցները չեն համարձակվել բացահայտ քարոզել «Վահան հաւատոյ»-ում արծարծված գաղափարները և թաքցրել են գիրքը: Սակայն 1815-ի մարտին Վատիկանի գործակալները գողացել են այն և ուղարկել Հռոմ: 1819-ի մայիսի 5-ին Հռոմի Հավատաքննության գերագույն ատյանը «Վահան հաւատոյ»-ն ճանաչել է չափազանց վտանգավոր, մոլորական ու հերետիկոսական և ոչնչացրել: Հայտնի է «Վահան հաւատոյ»-ի համառոտ մի տարբերակ, որից ծագել են տարբեր մատենադարաններում գտնվող բազմաթիվ գրչագիր օրինակներ: Դրանցից մեկը 1873-ին տպագրվել է Կալկաթայում՝ «Վահան հաւատոյ ուղղափառութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» վերնագրով: Տեսական աշխատանքներից բացի Չամչյանը դիմել է նաև գործնական քայլերի՝ Կ. Պոլսի հայ առաքելական և կաթոլիկ համայնքները միաբանելու ուղղությամբ: Այդ նպատակով բանակցություններ է վարել Կ.Պոլսի հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ: Հրավիրվել են խորհրդակցություններ, պատրաստվել «Հրավեր սիրոյ» հատուկ շրջաբերականը, սակայն՝ անարդյունք: Միութենական այդ ճիգերը դատապարտել են թե՛ Էջմիածինը, թե՛ Վատիկանը: Մահացել է 1823 թվականի նոյեմբերի 30-ին Կ. Պոլիսում: 

   Ութուջյան Ա.

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 Սարգիսյան Բ., Երկհարիւրամեա գրականական գործունեութիւն և նշանաւոր գործիչներ Վենետկո Մխիթարեան միաբանութեան, Վնտ., 1905, էջ 8–42:

Ութուջյան Ա., Պոլսահայ համայնքների միության խնդիրը և Մ.Չամչյանը, ԲԵՀ, 1978, դ 3:

Նույնի, Միքայել Չամչյան (կյանքի և գործունեության համառոտ ուրվագիծ), ԼՀԳ, 1988, դ 9:

 Ճեմճեմյան Ս., Հ. Միքայել Չամչյան և իր Հայոց պատմությունը, Վնտ., 1983:

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am