Բուդապեշտի գագաթնաժողով: Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի (ԵԱՀԽ) անդամ պետությունների բարձրագույն հավաք: Տեղի է ունեցել 1994-ի դեկտեմբերի 5-6-ը՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Որոշվել է ԵԱՀԽ վերակազմավորել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության. (ԵԱՀԿ)՝ եզրափակիչ փաստաթղթում հատուկ ընդգծելով, որ կազմակերպության նպատակները չեն փոխվում: Գագաթնաժողովում ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ գործունեության ակտիվացման» մասին փաստաթուղթ, որում գնահատվել է Ռուսաստանի դերը զինադադափ հաստատման (1994-ի մայիս) և պահպանման գործում (տես Բիշքեկյան արձանագրություն): Հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և Մինսկի համաժողովի համանախագահների (տես Համանախագահներ Մինսկի խմբի) ինստիտուտը, իսկ ԵԱՀԿ գործող նախագահին հանձնարարվել է նշանակել Մինսկի խմբի համանախագահներ՝ բանակցությունների միասնական և համաձայնեցված հիմք ստեղծելու համար: Ձեռք է բերվել Մինսկի խմբի անդամ պետությունների համաձայնությունը խաղաղապահ առաքելության զորքեր տրամադրելու հարցում: Գագաթնաժողովն օրակարգից հանել է Ռուսաստանի առաջարկած ղարաբաղյան հակամարտության գոտում ԱՊՀ խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը: Ըստ փաստաթղթի՝ Վիեննայում պետք է ստեղծվեր «բարձր մակարդակի ծրագրավորման խումբ», որի վրա էր դրվելու խաղաղապահ ուժերի կազմավորման և ղեկավարման պարտականությունները: Գագաթնաժողովի որոշմամբ նախատեսվել է նաե ստեղծել ԵԱՀԿ հավաքական միջազգային ուժեր, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեի ընդունումից և հակամարտող կողմերի համաձայնությունից հետո պետք է տեղակայվեին հակամարտության գոտում:

 Ի կատարումն Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումների՝ 1995-ի մարտի 31-ին ԵԱՀԿ Ավագ պաշտոնատար անձանց ընդունած փաստաթղթում Լեռնային Ղարաբաղն առաջին անգամ հիշատակվել է որպես հակամարտության առանձին կողմ, իսկ 1995-ի օգոստոսին նշանակվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, որը պետք է աջակցեր հիմնախնդրի քաղաքական կարգավորմանը և զինադադարի պահպանմանը: Ընդհանուր առմամբ Բուդապեշտի գագաթնաժողովը դրական ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում, սակայն նույնիսկ այնտեղ ընդունված որոշումները և հիմնադրված մարմիններն ի վիճակի չեղան կարճ ժամկետում հասնելու հակամարտության վերջնական կարգավորման:

Տ. Բալայան

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am