Բռնագաղթածների ու փախստականների ընդունման ու տեղավորման հատուկ հանձնաժողով ԼՂՀ: Ստեղծվել է 1992-ին՝ ԼՂՀ նախարարների խորհրդի հունիսի 16-ի որոշմամբ (նախագահ՝ Ս. Դավթյան): Նպատակն էր բռնագաղթածների և փախստականների տեղավորումը, սննդի կազմակերպումը, հագուստով, դեղորայքով և այլ պարագաներով ապահովումը: Գործել է հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի անդամներից կազմվել են փախստականների տեղավորման, տրանսպորտային, կոմունալ-կենցաղային ծառայությունների, բուժսպասարկման, գյուղատնտեսական մթերքների մթերման հարցերը կարգավորող ենթախմբեր: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են նաև արհմիութենական մարմինների աշխատողներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, պաշտոնական անձինք, ակտիվիստներ:
ԼՂՀ Նախարարների խորհրդի 18.06.1992-ի N 41 որոշմամբ հաստատվել է անցագրի տարբերակ, որը տրվել է հանրապետության սահմաններից դուրս մեկնողներին (հաշմանդամներ, հղի կանայք, թոշակառուներ և այն անձինք, ովքեր այլ հանրապետություններում ունեցել են համապատասխան գրանցում): ԼՂՀ Նախարարների խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովին իրավունք է տրվել բռնագաղթածների տեղավորման համար օգտագործել բոլոր պիտանի շենքերը:
1989-ի հուլիսի 15-ի դրությամբ՝ Ադրբեջանից և Հայաստանից ԼՂ է տեղափոխվել 18525 մարդ, իսկ 1991-ի մայիսի 4-ից (շուրջօրյա) ուղղաթիռներով Ստեփանակերտ են տեղափոխվել հարյուրավոր գետաշենցիներ:
1992-ի հուլիսի 9-ի դրությամբ՝ բռնագաղթածների ու փախստականների թիվը Ստեփանակերտում կազմել է 35000, հանձնաժողովի հատուկ անցագրերով ԼՂՀ-ից մեկնել է 1409, Շուշիում տեղավորվել 300 մարդ, իսկ մարտակերտցիների մի մասը վերադարձել է իրենց բնակավայրերը:
Գրականություն՝
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am