Բիշքեկյան արձանագրություն:Ստորագրվել է 1994-ի մայիսի 5-ին, Ղըրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, Ղըրղզստանի Հանրապետության խորհրդարանի, ՌԴ Դաշնային ժողովի և արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կայացած՝ ՀՀ ԳԽ նախագահ Բ. Արարքցյանիի, ԱՀ Միլի մեջլիսի փոխնախագահ Ա. Ջալիլովի և ԼՂՀ ԳԽ նախագահ Կ. Բաբուրյանի գլխավորած պատվիրակությունների հանդիպման արդյունքում: ԱՀ Միլի մեջլիսի նախագահ Ռ. Գուլիևը փաստաթուղթը ստորագրել է մայիսի 9-ին՝ Բաքվում: Բանակցություններին մասնակցել են ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վ. Կազիմիրովը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վ. Շումեյկոն, քարտուղարության ղեկավար Մ. Կրոտովը և ԼՂ հարցով ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի խաղաղարար խմբի ղեկավար, Ղըրղզստանի ԳԽ նախագահ Մ. Շերիմկուլովը: Բիշքեկյան արձանագրությամբ նախատեսված էր 1994-ի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը ժամը 24-ից հաստատել զինադադար համաձայն 1994-ի փետրվարի 18-ին Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովի միջնորդությամբ ստորագրված արձանագրության:
1994-ի մայիսին ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարներ Ս. Սարգսյանն (10-ին) ու Մ. Մամեդովը (9-ին) և ԼՂՀ ՊԲ հրամանատար Ս. Բաբայանը (11-ին), «արձագանքելով Բիշքեկյան արձանագրության կոչին և ի կատարումն 1994-ի փետրվարի 18-ի արձանագրության դրույթների», համատեղ բնագրաբնույթ տեքստով նամակ են հղել ՌԴ ՊՆ և ԱԳՆ ղեկավարներին՝ հայտնելով 1994-ի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հակամարտող կողմերի՝ կրակը դադարեցնելու պատրաստակամության մասին: Տեխնիկական հարցերի ճշտումից հետո զինադադարը հաստատվել է 1994-ի մայիսի 12-ին, ինչը պահպանվում է մինչև օրս (2004):
Տ. Բալայան
Գրականություն՝
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան, Երևան, 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am