Բեռլինի կոնգրես 1878: Միջազգային կոնգրես, որ հրավիրվել է (հունիսի 13 - հուլիսի 13) Ավստրո-Հունգարիայի և Անգլիայի նախաձեռնությամբ, Գերմանիայի աջակցությամբ՝ 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով: Ավարտվել է Բեռլինի դաշնագրի ստորագրմամբ, որով Բուլղարիան հռչակվել է ինքնավար պետություն՝ մեծ տերությունների հավանությամբ ընտրված և թուրքական սուլթանի կողմից հաստատված իշխանով:
Բալկաններից հարավ ստեղծվում էր մի նահանգ (Արլ. Ռումելիա), որը մնում էր սուլթանի քաղաքական և ռազմական իշխանության տակ, բայց ստանում էր վարչական ինքնավարություն: Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում: Ռումինիան ստանում էր Հս. Դոբրուջան: Բեսարաբիայի մերձդանուբյան մասը վերադարձվում էր Ռուսաստանին: Ավստրո-Հունգարիան իրավունք էր ստանում գրավել Բոսնիան և Հերցեգովինան: Ռուսաստանին էին միացվում Կարսը, Արդահանը և Բաթումը՝ իրենց մարզերով, Ալաշկերտի հովիտը և Բայազետը վերադարձվում էին Թուրքիային: Բաթումը հայտարարվում էր ազատ նավահանգիստ: Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ կատարել հայերով բնակեցված իր փոքրասիական տիրույթներում (Արմ. Հայաստանում), ինչպես նաև խղճի լիակատար ազատություն և քաղաքացիական ու սոցիալական իրավունքների հավասարություն ապահովել իր հպատակների համար: Դաշնագիրը անփոփոխ էր թողնում սևծովյան նեղուցների վերաբերյալ Փարիզի 1856-ի պայմանագրի և Լոնդոնի 1871-ի կոնվենցիայի դրույթները:
Բեռլինի դաշնագիրը միջազգային կարևոր փաստաթուղթ էր, որի հիմնական մասն իր ուժը պահպանեց մինչև 1912-13-ի Բալկանյան պատերազմները: Բայց չլուծված թողնելով մի շարք հանգուցային հարցեր (սերբերի ազգային միավորումը, մակեդոնական, հունա-կրետական, հայկական հարցեր և այլն) և ավելի սրելով ռուս-ավստրիական ու սերբա-բուլղարական մրցակցությունը՝ Բեռլինի դաշնագիրը հող նախապատրաստեց 1914-18-ի համաշխահային պատերազմի համար:
Ձգտելով Բեռլինի կոնգրեսի մասնակից եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի ու Օսմանյան կայսրությունում հայերի ծանր կացության վրա և հասնել Սան Ստեֆանոյի պայմանագրով նախատեսված հայկական բարենորոգումների իրականացմանը՝ Կ. Պոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին էին ուղարկել ազգային պատվիրակություն Մ. Խրիմյանի գլխավորությամբ, որին, սակայն, թույլ չտրվեց մասնակցել կոնգրեսի աշխատանքներին: Պատվիրակությունը կոնգրեսին ներկայացրեց Արմ. Հայաստանի ինքնավարության նախագիծն ու պետություններին հասցեագրված հուշագիր, որոնք նույնպես մատնվեցին անուշադրության:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am