Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Բարձրունիի ինքնապաշտպանություն

 Բարձրունիի ինքնապաշտպանություն: Տեղի է ունեցել 1990-ի մարտի 11-17-ը:Երասխի ինքնապաշտպանությունում կրած պարտությունից հետո Նախիջևանի ԱԺՃ-ի զինյալներն իրենց հիմնական ուժերը տեղափոխել են ՀՀ Վայքի շրջանի Բարձրունի գյուղի ուղղությամբ՝ նպատակ ունենալով մարտանցումով դուրս գալ Վայոց ձորով անցնող խճուղի և Զանգեզուրը մեկուսացնել Հայաստանի մյուս շրջաններից: Մարտի առաջին օրերին հակառակորդը հրետանային նախապատրաստությունից և ուղղաթիռային գնդակոծություններից հետո անցել է հարձակման Բարձրունիի պաշտպանական դիրքերի վրա: Հայկական կողմից ինքնապաշտպանությանը մասնակցել են Վայքի շրջանի Բարձրունի, Սերս, Մարտիրոս և այլ գյուղերի կամավորական ջոկատները (շտաբի պետ՝ Ֆ. Ղազարյան), «Մեծն Տիգրան» զորամիավորումը (ռազմական խորհրդի անդամներ՝ Խ. Գալստյան, Հ. Առաքելյան, Լ. Մայսուրյան, Ա. Արմենակյան), Արտաշատի, Եղեգնաձորի, Երևանի «Կոնդ» և այլ ջոկատներ: Ինքնապաշտպանական ուժերը համալրվել են 120 մմ-անոց հաուբիցներով, ականանետերով, հակակարկտային ԿՍ-19 հրանոթով: Մարտի 17-ին հայկական ուժերն ուղիղ նշանառությամբ հրետակոծել են հակառակորդի դիրքերը: Անսպասելի հրետակոծությունից հակառակորդը խուճապահար նահանջել է և դիրքավորվել Քյարմաչաթաղ գյուղի ֆերմայում: Հայկական ուժերը հետապնդելով հակառակորդին՝ կրակը տեղափոխել են ֆերմայի ուղղությամբ, ապա գրոհով գրավել գյուղը: Հակառակորդը նահանջել է դեպի Նախիջևանի հարավային շրջաններ՝ թողնելով նաև Շադա գյուղի պաշտպանական դիրքերը: Բարձրունիի ինքնապաշտպանությունը Ղարաբաղյան պատերազմի կամավորական (ֆիդայական) փուլի հաղթանակներից է:

 

Գրականության ցանկ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.

 

Հ. Խաչատրյան, Ֆ. Ղազարյան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am