Բաքվի ջարդեր: 1990 թվականի հունվարի 13-19-ին տեղի է ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում: Հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը, հանդիպելով ԱԺՃ ակտիվի հետ (հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ), ասել է...«Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշներին»: Տպագրվել է նաև մամուլում, ներկայացվել բազմահազարանոց հանրահավաքներում:

Բաքվեցի հայ փախստականները Կրասնոյարսկի նավահանգստում  Դրանց հաջորդել է հայերին աշխատանքից ազատելը, ահաբեկելը, ծեծն ու ջարդը: Հա կահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս 1988-ի դեկտեմբերի վերջին և 1989-ի հունվարի սկզբին: 1990-ի հունվարի 13-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Այնուհետև հայտնվել են ԱԺՃ -ի ներկայացուցիչները (հաճախ բնակարանի համար այսպես կոչված ՙօրենքներով ձևակերպված՝ փաստաթղթերով) «կյանքը փրկելու» համար անմիջապես նավահանգիստ մեկնելու առաջարկությամբ: Հայ բնակչությունից խլել են դրամը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը: Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկել են տեղահանվածներին, կողոպտել և հաճախ նաև ծեծել նրանց ու Կասպից ծովով լաստանավերով ուղարկել Թուրքմենստան: Նույնը կատարել են նաև օդանավակայանում: Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրա մադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապօգնության բժիշկները (հայերի մահը վերագրել են սրտային խանգարումների):

 Ջարդերը շարունակվել են 6 օր: Կարգուկանոնը վերականգնելու պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին: Հրամանագիրը կատարել է ԽՍՀՄ Զինված ուժերի օդադեսանտային դիվիզիայի հրամանատար Ա. Ն. Լեբեդը: Զինված դիմադրության ժամանակ սպանվել են մեկ տասնյակից ավելի գրոհայիններ, շատերը ձերբակալվել են:1990-ի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն (շուրջ 250 հզ. հայ) սպանվել և անհայտ կորել են հազարավոր հայեր: Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով մեղադրել են այսպես կոչված «խուլիգանական տարրերին», իբր տեղի ունեցած ողբերգական դեպքերը նրանց անկարգությունների և սանձարձակությունների արդյունք են:

Բաքվի հայ փախստականներ Բոլոր քաղաքակիրթ երկրներում զանգվածային լրատվամիջոցները Բաքվի. ջարդերի մասին գրել են վրդովմունքով: ԱՄՆ-ի և եվրոպական հեռուստատեսությունների նորությունների ամփոփագրերում հաղորդվել են բազմաթիվ ռեպորտաժներ Բաքվի հայերի հանդեպ կատարվող հակամարդկային բռնարարքների մասին: 1990-ի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է արել Արտաքին գործերի նախարարների կոմիտեին և Եվրախորհրդին պաշտպանել հայերին խորհրդային կառավարության հակաօրինական գործողություններից և պահանջել անհապաղ օգնություն ցուցաբերել Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին:  Հունվարի 18-ին ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ համատեղ նամակ են հղել Մ. Գորբաչովին, որում անհանգստություն են արտահայտել Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ և կոչ արել Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին:

 1990-ի մարտի 29-ին կայացել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի փակ նիստ Բաքվում կատարված դեպքերի առընչությամբ: Ադրբեջանի պատվիրակությունը պահանջել է ստեղծել հանձնաժողով՝ զորքը Բաքու մտցնելու և նրա գործողությունները հետաքննելու համար: Ի պատասխան հարցապնդման  ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարությունը ներկայացրել է ջադերի այնպիսի մանրամասներ, որոնք չեն լուսաբանվել մամուլում: Փոխադարձ համաձայնությամբ հանձնաժողով չի ստեղծվել, իսկ հայերի ջարդերը մատնվել են մոռացության:
 
 
 
 
 

Գրականության ցանկ 
 
Мосесова Н., Армяне Баку: Битие и исход., Е., 1998

 

Մ. Հարութունյան, Հ. Խաչատրյան, Ի. Մոսեսովա

 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am