Բաղրամյան Մովսես (ծննդյան և մահվան թվականները անհայտ), XVIII դ. 2-րդ կեսի հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, լուսավորիչ։ Նախնական կրթությունն ստացել է Նոր Ջուղայում։ Ապրել է Ռուսաստանում, 1762-1767-ին Հովսեփ էմինի հետ եկել է Կովկաս՝ թուրք-պարսկական լծի դեմ Հայաստանում ապստամբական շարժում կազմակերպելու նպատակով։ Սակայն համոզվելով, որ Հայաստանն ազատագրելու էմինի ծրագրերն անիրագործելի են, հեռացել է և 1768-ից հաստատվել Հնդկաստանի Մադրաս քաղաքում, որտեղ Շահամիր Շահամիրյանի հետ հիմնադրել է Մադրասի քաղաքական խմբակը (1770-ական թթ.)։ Իր քաղաքական հայացքները Բաղրամյանը շարադրել է «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» աշխատության մեջ (Մադրաս, 1773, համառոտ տարբերակը 1786-ին Ս. Պետերբուրգում թարգմանվել և հրատարակվել է ռուսերեն)։ Հայաստանի անկախությունը վերականգնելու միջոցը Բաղրամյանը համարել է հայ ժողովրդի զինված պայքարը։ Նա կարծում էր, թե լուսավորության միջոցով կարելի է մերժել հին կարգերը և ստեղծել նորը։ Առաջարկել է եկեղեցին անջատել պետությունից, իսկ դպրոցը՝ եկեղեցուց։ Ըստ Բաղրամյանի՝ անկախության վերականգնումից հետո հայոց պետությունը պետք է ունենար հանրապետական կառուցվածք։ Նա ուսումնասիրել է XVIII դ. Հայաստանում գոյություն ունեցող հարկային համակարգը։ Եկեղեցականները կաթողիկոս Սիմեոն Ա Երևաևցու գլխավորությամբ պայքարել են Մադրասի խմբակի և Բաղրամյանի դեմ։ Սակայն Բաղրամյանի գաղափարները տարածվել են՝ մեծ ազդեցություն թողնելով XIX դ. հայ առաջադիմական հասարակական-քաղաքական մտքի զարգացման վրա։

Գրականություն

"Ով ով է. Հայեր", կենս. հանրագիտ., հատոր Ա., Երևան, 2005:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am