Բաբայան Հրանտ Գևորգի: Ծնվել է 1921թ. հունիսի 7-ին գյուղ Նոր Գյուղում (Աբովյանի շրջան, Կոտայքի մարզ, ՀՀ): Զորակոչվել է զինված ուժեր 1939թ. դեկտեմբերի 10-ին Կիրովի ՇԶԿ-ի (Երևան) կողմից: 1941թ. հունիսին ավարտել է հետևակային ուսումնարան (Վոլոչինսկ): Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը: 1942թ. հունվարից 89-րդ հրաձգային դիվիզիայի կրտսեր հրամկազմի դպրոցի (Երևան) հրամանատար: 1943թ. սեպտեմբերին Թամանում մասնակցել է Վերխնեբականսկի ավանի համար մղված մարտերին: 1944թ. հունվարին աչքի է ընկել Կերչի փողոցային մարտերում, ազատել հացի և պահածոների գործարանները, հասել մինչև Կատերլեզ ջրանցք: 1944թ. մայիսին մասնակցել է Գորնայա բարձունքի (Սևաստոպոլ) համար մղված մարտերին, ապա Վարշավայի և Լոձի ազատագրմանը: Հատկապես աչքի է ընկել գ. Ռուսկի Բրուտի մոտ հակառակորդի խմբավորման ոչնչացման մարտում: 1945թ. ապրիլի 16-ին Օդերի Ֆրանկֆուրտ (Գերմանիա) քաղաքի մատույցներում հակառակորդի ամրացված դիրքերի ճեղքման ժամանակ ապահովել է զորամասերի անարգել տեղաշարժը, վիրավորվել է, բայց չի լքել մարտի դաշտը: 1945թ. ապրիլի 22-ին առաջինների շարքում մտել է Օդերի Ֆրանկֆուրտ: Նրա գումարտակը մարտերում ոչնչացրել է հակառակորդի ավելի քան 600 և գերել 47 զինվոր և սպա, գրավել 12 ականանետ, հաուբիցային հրետանու 3 մարտկոց, 3 պահեստ և մինչև 80 ավտոմեքենա: Հակառակորդի պաշտպանության ճեղքման մարտերում գումարտակի հմուտ ղեկավարման, մեծ վնաս հասցնելու և Օդերի Ֆրանկֆուրտ առաջինների թվում մտնելու համար հրաձգային գումարտակի (400-րդ Հրաձգային գունդ, 89-րդ Հրաձգային դիվիզիա, 33-րդ Բանակ, 1-ին Բելառուս. ռազմաճակատ) հրամանատար մայոր Հրանտ Բաբայանին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարարի 1946թ. մայիսի 15-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ»: Հայրենական մեծ պատերազմի մարտերում 3 անգամ վիրավորվել է: 1947թ. փոխգնդապետ Բաբայանը զորացրվել է: Մահացել է 1995թ. փետրվարի 17-ին: Պարգևատրվել է Ալ. Նևսկու, Բ. Խմելնիցկու, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով, մեդալներով:
Գրականության ցանկ
«Ով ով է. Հայեր.» Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am