Բաբայան Հմայակ Գրիգորի: Ծնվել է 1901թ. օգոստոսի 15-ին գյուղ Ժրիչիում (Կարսի մարզ): 1917թ. կամավոր մտել է բանակ, 1918թ. մայիսին մասնակցել Սարդարապատի ճակատամարտին: 1920թ. վերջին զորակոչվել է կարմիր բանակ: 1924թ. ավարտել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան Հայկական միացյալ զինվորական դպրոցը (Երևան), 1928թ.` հրամանատարական դպրոցը (Կիև): Ծառայել է Հայկական հրաձգային դիվիզիայում: 1938թ.-ից փոխգնդապետ Բաբայանը ծառայել է Բելառուսական հատուկ ռազմական օկրուգում: Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից: Մասնակցել է Բելոստոկ, Վելկովիսկ, Բարանովիչի քաղաքների համար մղված արյունահեղ մարտերին, 2 անգամ վիրավորվել: 654-րդ հրաձգային գնդի հրամանատար Բաբայանը աչքի է ընկել քաղաք Ելեցի համար մարտերում: 1942թ. ապրիլ-մայիս ամիսներին Կերչի թերակղզում փոխարինել է 390-րդ հրաձգային դիվիզիայի զոհված հրամանատար Ս. Զաքյանին: 1943թ. ամռանից 76-րդ Հրաձգային դիվիզիայի հրամանատար: 1943թ. օգոստոսի 30-ին ազատագրել է Ելնյա քաղաքը, 48 բնակավայր: Բաբայանը ծանր վիրավորվել է: Նրա հրաձգային դիվիզիային շնորհվել է «Ելնյան» անվանումը, իսկ Բաբայանը պարգևատրվել է Կուտուզովի 2-րդ աստիճանի շքանշանի: 1944թ. հունվարին ավարտել է Կ. Վորոշիլովի անվան Գերագույն Շտաբի ռազմական ակադեմիայի սպայական անձնակազմի կատարելագործման դասընթացները: 35-րդ Մեքենայացված բրիգադի (1-ին Բելառուս. ռազմաճակատ) հրամանատար գեներալ-մայոր Բաբայանը մասնակցել է Վիլնյուսի, Կաունասի, Վարշավայի ազատագրմանը, Բեռլինի գրոհին: 1944թ. սեպտեմբերին պարգևատրվել է Կարմիր դրոշի 2-րդ շքանշանով: 1945թ. ապրիլի 15-ին գ. Լինդերբերգի (Բեռլինի հս-արլ. արվարձան) մոտ արյունահեղ մարտերում վճռական պահին անձամբ տանկով բրիգադին մարտի է տարել, ինչի շնորհիվ դեպի Բեռլին ճանապարհը բացվել է: Այդ մարտում զոհվել է: Թաղված է քաղաք Միսլիբուժիի (Լեհաստան) քաղաքային հրապարակում, խորհրդային զինվորների թիվ 18 եղբայրական գերեզմանատանը: Բրիգադի հմուտ ղեկավարման, արիության և հերոսության համար 35-րդ մեքենայացված բրիգադի (1-ին Բելառուս. ռազմաճակատ) հրամանատար, գեներալ-մայոր Հմայակ Բաբայանին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախարարի 1945թ. մայիսի 31-ի հրամանագրով շնորհվել է (հետմահու) Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով և «Ոսկե աստղ» մեդալով:1944թ. հուլիսի 15-ին ստացել է գեներալ-մայորի կոչում: Պարգևատրվել է Կուտուզովի 2-րդ աստիճանի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշաններով, մեդալներով:
Գրականության ցանկ
«Ով ով է. Հայեր.» Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am