Ազգային մշակութային եղեռն: Ադրբեջանցիները խաչքարերն օգտագործել են որպես շինանյութ որևէ ժողովրդի կամ ազգային խմբի մշակութային արժեքները ոչնչացնելու, նրա հոգևոր զարգացումը ճնշելու հանցավոր գործողություններ և միջոցառումներ: 1918-ից Ադրբեջանում, որի տարածքի զգալի մասը կազմում էր Մեծ Հայքի Ուտիք, Արցախ և Փայտակարան, մասամբ՝ Սյունիք, Վասպուրական և Այրարատ նահանգների տարածքները, իրագործվել է Ազգային մշակութային եղեռն: Ավելի քան յոթանասուն տարի Ադրբեջանական ԽՍՀ կառավարությունը վարել է այնպիսի քաղաքականություն, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղում, Նախիջևանում և Ադրբեջանի հայաշատ շրջաններում փակվել են հայկական բազմաթիվ դպրոցներ, Բաքվի մանկավարժական ինստիտուտի, Նախիջևանի մանկավարժական և բժշկական ուսումնարանների հայկական բաժինները, խտրականության է ենթարկվել դպրոցական կրթական համակարգը: Հայոց պատմության և մշակույթի նկատմամբ ադրբեջանական քաղաքականությունը հետապնդել է երկու նպատակ. ցույց տալ, որ հայերն այդ տարածքում եկվորներ են, իսկ որոշ հայ գիտնականներ, մշակույթի գործիչներ, Արցախի ու հարակից շրջանների բնակիչներ բռնությամբ հայացված աղվաններ են: Փորձում են ապացուցել, որ օղուզ թուքերն աղվանական ցեղերի ժառանգներն են, նրանց ստեղծած նյութական ու հոգևոր մշակույթի ժառանգորդները: Ադրբեջանական պատմագիտությունը խեղաթյուրումների ճանապարհով փորձում է «ապացուցել» Արցախում հայերի եկվոր, ոչ բնիկ լինելը, հայ եկեղեցական և մշակութային գործիչների աղվանական պատկանելիությունը, աշխատում են «հիմնավորել», որ հայկական մշակութային հուշարձանները «ստեղծել» են ազերիների նախնիները: Ադրբեջանում հրատարակվել և հրատարակվում են մենագրություններ ու քարտեզներ, որտեղ Ադրբեջանի «տարածք» են համարվում նաև ՀՀ արևելյան ու հարավարևելյան տարածքները:
ԼՂՀ-ում, Նախիջևանի Հանրապետությունում, Գետաբեկի, Դաշքեսանի, Շամխոփ, Խանլար և այլ շրջաններում հայկական մշակույթի կոթողները՝ բազմաթիվ եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանաքարեր, նպատակադրված ոչնչացվել են: Ամբողջությամբ ոչնչացվել են Գետաբեկի շրջանում՝ 3, Դաշքեսանում՝ 5, Շամխորում՝ 4, Խանլարում՝ 3, Շահումյանում՝ 3 մշակույթի հուշարձաններ: 1998-2000-ին Նախիջևանում ամբողջովին ավերվել են բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններ, Ջուղայի հռչակավոր, շուրջ 4 հզ-ի հասնող «խաչքարերի անտառը», պայթեցվել եկեղեցիներն ու վանքերը: Ադրբեջանում հայկական Աազգային մշակութային եղեռնի նպատակն էր վերացնել կամ յուրացնել նաև հայ ժողովրդի ստեղծած դարավոր մշակութային արժեքները՝ հայկական քաղաքակրթության նյութական արտահայտությունները, որպեսզի «անհետացած» ժողովրդի մշակույթի նյութական վկայություն այդ տարածքում չլինի:
Հ Խառատյան
Գրականության ցանկ
Այվազյան Ա., Նախիջևանի պատմաճարտարապետական հուշարձաններ, Ե, 1978:
Մկրտչյան Շ., Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձաններ, Ե., 1985:
Նույնի, Արցախի պատմամշակութային համառոտ ակնարկ, Ե., 1991:
Մելիք-Շահնազարյան Լ., Ադրբեջանի ռազմական. հանցաqործությունները Լեռնային. Ղարաբաղի Հանապետության խաղաղ բնակչության դեմ, Ե., 1998:
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am