Ազատագրական պայքարի աոաջին քայլերը։ Նման կենտրոններից մեկը Կարինն էր։ Դեռ թարմ էին հիշողությունները «Պաշտպան Հայրենյաց» կազմակերպության մասին։ Թուրքերը չէին մոռացել նաև 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ կարինցիների կողմից ռուսական բանակին ցույց տված փառահեղ ընդունելությունը։ 1890 թ. հունիսին, հայկական ապստամբություն պատրաստելու կեղծ ահազանգի հիման վրա, Բարձրագույն Դռնից ստացված հրամանով Կարինի իշխանությունները խուզարկեցին Սանասարյան վարժարանը, առաջնորդարանը և Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Խուզարկությունն արդյունք չունեցավ։ Հունիսի 18-ին եկեղեցի եկած բազմությունը՝ «Պաշտպան Հայրենյացի» ղեկավարներ Խ. Կերեքցյանի, Գ. Չիլինկիրյանի և Հ. Իչղալացյանի գլխավորությամբ դիմադրեց ոստիկաններին։ Շուրջ 20 հայեր սպանվեցին ու վիրավորվեցին։ Երկու օր անց՝ հունիսի 20-ին, իշխանությունների հրահանգով ջարդեր կազմակերպվեցին քաղաքի հայկական թաղամասերում։ Կարինի դեպքերը, որպես ազատության համար բողոքի պոռթկում, մեծ արձագանք գտան ինչպես արևմտահայության, այնպես էլ արեելահայության շրջաններում։
Ցանկանալով բարձրացնել գավառահայության կորովը և կրկին Հայկական Հարցի վրա բևեռել մեծ տերությունների ուշադրությունը՝ Հնչակյանները 1890 թ. hուլիսի 15-ին խաղաղ ցույց կազմակերպեցին Կ. Պոլսում, որը ստացավ Գում Գափուի ցույց անունը այն թաղամասի անունով, որտեղ գտնվում էին Հայոց մայր եկեղեցին և առաջնորդարանը։ Ընդհատելով եկեղեցում ընթացող ժամասացությունը՝ հնչակյան գործիչները ժողովրդին ազատության համար պայքարի կոչ արեցին։ Ցուցարարները ներխուժեցին պատրիարքարան, պատից պոկեցին ու պատառոտեցին Աբդուլ Համիդ II-ի նկարն ու թուրքական պետական զինանշանը։ Նրանք Խորեն Աչըգյան պատրիարքին հարկադրեցին իրենց հետ գնալ պալատ՝ սուլթանին հանձնելու բողոքագիրր։ Թուրքական իրականության պայմաններում դա բացահայտ ըմրոստություն էր և մարտահրավեր իշխանություններին։ Ոստիկանությունը կրակ բացեց ցուցարարների վրա։ Եղան զոհեր, կատարվեցին զանգվածային ձերբակալություններ։
Գում Գափուի ցույցը հնչակյանների կազմակերպած առաջին զանգվածային ելույթն էր։ Այն թեև զինված բնույթ չուներ, բայց թուրքական կառավարության կողմից ներկայացվեց որպես ապստամբություն։
Հայ ազատամարտի այս փուլին բնորոշ քաղաքական ռոմանտիզմի դրսևորումներից էր նաև Կուկունյանի արշավանքը։ Ս. Պետերբուրգի բարձրագույն ուսումնական հաստատությունների մի խումբ ուսանողներ՝ Սարգիս Կուկունյանի գլխավորությամբ, որոշեցին անցնել Արևմտյան Հայաստան և զինյալ պայքարի դրոշ պարզել թուրքական բռնապետության դեմ։ Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում և Կարսում Կուկունյանն ու իր ընկերները ցնծությամբ ու ոգևորությամբ ընդունվեցին հայ բնակչության կողմից։ Համընդհանուր ոգևորության պայմաններում խումբը համալրվեց և հասավ ավելի քան 100 մարդու։ Նրանք Արևմտյան Հայաստան էին անցնում՝ քաջ գիտակցելով, որ այլևս վերադարձ չկա, որ գնում են կռվելու և հաղթանակի չհասնելու դեպքում՝ գեթ կռվով մեռնելու։
1890 թ. սեպտեմբերի 24-ին խումբն անցավ թուրքական սահմանը, բայց հենց սահմանագլխին ընդհարվելով քրդերի ու թուրքական կանոնավոր ուժերի հետ, նահանջեց և ստիպված անձնատուր եղավ ռուսական սահմանապահ զորամասերին։ Ցարական իշխանությունները, որոնք թշնամաբար էին տրամադրված հայ ազատագրական շարժման նկատմամբ, արշավախմբի 27 մասնակիցների դատապարտեցին տարբեր ժամկետներով տաժանակրության։ Կուկունյանի արշավանքը, այնուհանդերձ, արևելահայության շրջանում թուրքական բռնապետության դեմ պայքարի գաղափարի լայն ժողովրդականության արտացոլումն էր։ Այն արևմտահայության ազատագրության զինյալ պայքարին արևելահայ լավագույն երիտասարդության նվիրաբերվելու և հայ ժողովրդի երկու հատվածներն արհեստականորեն իրարից բաժանելու մտայնության հաղթահարման փայլուն ապացույց էր։
Գում Գափուի ցույցը և Կուկունյանի արշավանքը թեև գործնական արդյունքներ չունեցան, բայց ոգեշնչման օրինակ հանդիսացան հայ երիտասարդության համար։ Ցուցադրելով ազատագրական պայքարի ծանր ու դժվարին լինելը՝ դրանք մի կողմից՝ յուրահատուկ զտիչի դեր խաղացին՝ ասպարեզից դուրս բերելով ազատագրական շարժման մեջ ներգրավված հոգեպես թույլ և պատեհապաշտ տարրերին, մյուս կողմից՝ նպաստեցին դեպի ազատագրական պայքարի ոլորտ նոր, թարմ ուժերի ներհոսին։
Կարինի ու Կ. Պոլսի ժողովրդական ցույցերին և Կուկունյանի արշավանքին հաղորդած տարիները նշանավորվեցին Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի հայաբնակ գրեթե բոլոր վայրերում սկսված ժողովրդական հուզումներով ու զինված ելույթներով։ Ծավալվեց և մեծ թափ ստացավ պարտիզանական՝ հայդուկային կռիվը։ Այդ տարիներին Տարոնում իր գործունեությունը ծավալեց Մարգար վարժապետը (Մարգար Ամիրյան)։ Մուշ-Սասունում հայդուկային պայքարի գլուխ կանգնեց Արաբոն։ Երզրնկայում և Սեբաստիայում գործում էին Գալուստ Արխանյանի (Մնձուրի Առյուծ), Ռուրեն Շիշմանյանի և Հովհաննես Մինասյանի (Մինասօղլու), իսկ ավելի ուշ՝ Դանիել Չավուշի հայդուկային խմրերը։ Հայդուկային ակտիվ գործունեություն ծավալեցին Արամ Աչրքպաշյանն ու Ժիրայրը (Մարտիրոս Պոյաճյան)։ Կեսարիա-Սեբաստիա հատվածում գործում էին մեծ և փոքր «Չելլո»–ներ կոչվող հայդուկային խմբերը։ Վասպուրականում գործում էին հայդուկներ Չաթոն ու Շերոն և այլն։ Այդ պարտիզանական պատերազմին իր մասնակցությունը բերեց նաև արևելահայությունը։ Արևելյան Հայաստանում և Պարսկաստանի տարածքում ստեղծվում էին հայդուկային ջոկատներ, որոնք անցնելով երկիր՝ մասնակից էին դաոնում ազատագրական կռվին։ Երկիր անցան պայքարի ընթացքում մեծ համբավ վաստակած արևելահայ այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին՝ Պետոն (Ալեքսանդր Պետրոսյան), Վարդանը (Սարգիս Մեհրաբյան ), Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) և ուրիշներ։
Զինված պայքարի ծավալումն օրինաչափորեն դնում էր արևմտահայությանը զինելու հարցը։ Կազմակերպվում են զինատար խմբեր, որոնք, հաղթահարելով հսկայական դժվարություններ, Ռուսաստանից, Անդրկովկասից ու Պարսկաստանից զանազան ուղիներով ու միջոցներով զենք էին փոխադրում երկիր։ Կարսը, Երևանը, Սալմաստը, Ուրմիան և երկրի սահմանին մոտ գտնվող այլ բնակավայրեր ժամանակի ընթացքում վերածվեցին կարևոր հենակետների։ Զինյալ պայքարի աոաջին տարիներին զենքի և հայդուկային խմբերի փոխադրության կարևոր հավաքատեղի դարձավ հատկապես թուրք-պարսկական սահմանագլխին գտնվող Դերիկի կիսավեր վանքը։ 1891 թ. Թավրիզում Դաշնակցությունը հիմնադրեց «Խարիսխ» զինագործական արհեստանոցը։
Սակայն այդ ամենը կաթիլ էր ծովում։ Ազատագրական պայքարը գլխավորող կուսակցությունների նյութական անձուկ վիճակի, զինատար ուղիների դժվարանցելիության և օբյեկտիվ ու սուբյեկտիվ այլ պատճառներով արևմտահայությանը զինելու խնդիրը չլուծվեց և մնաց որպես հրատապ լուծում պահանջող հարց նաև ազատագրական պայքարի հետագա փուլերում՝ բացասական առումով իր կնիքը դնելով հայոց ազատամարտի ընթացքի վրա։ Առաջին հերթին դա ամբողջ սրությամբ դրսևորվեց Սասունի 1894 թ. ապստամբության ընթացքում։
Աղբյուրը՝ Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Երևան 2012 թ., էջ 397-401
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am