Ահարոնյան Ավետիս Առաքելի (ծնվել է 1866, գ. Իգդիր-Մավաում (Սուրմալուի գավառ)-մահացել է 20.3.1948, Փարիզում, թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը, հասարակական, քաղաքական գործիչ, գրող Վ.Ա. Ահարոնյանի հայրը։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1886), Լոզանի համալսարանի պատմափիլիսոփայության ֆակուլտետը (1901), Սորբոնի համալսարանի գրականության դասընթացները։ Եղել է ուսուցիչ (Գևորգյան ճեմարանում, Իգդիրի, Նոր Բայագետի ծխական դպրոցներում)։ Աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, «Հառաջ», «Ալիք» և այլ թերթերի։ 1902-ին մասնակցել է համիդյան բռնակալության դեմ ընդհանուր ճակատ կազմելու օսմանյան ընդդիմադիր կուսակցությունների ու կազմակերպությունների 1 համագումարին։ Հայկական պատվիրակության կազմում եղել է Հաագայի խաղաղության խորհրդաժողովում (1907), ներկայացրել Հայկական հարցի լուծման խնդրագիրը։ 1907-09-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տնօրեն։ 1909– 11-ին բանտարկվել է «դաշնակցության գործով», այնուհետև մեկնել է արտասահման։ 1917-ին վերադառնալով Թիֆլիս՝ ընտրվել է Հայոց ազգային խորհրդի նախագահ, 1919-ին՝ ՀՀ (1918-20) խորհրդարանի անդամ, ապա՝ նախագահ։ Եղել է ՀՀ պատվիրակության ղեկավարը Փարիզի հաշտության խորհրդաժողովում (1919-1920)։ Ահարոնյանը ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը (1920), մասնակցել Լոնդոնի (1921) և Լոզանի (1922-23) խորհրդաժողովներին, մեծ ջանքեր է գործադրել ի նպաստ Հայ դատի («Սարդարապատից մինչև Սևր ն Լոզան»,1943)։ Լոզանի դաշնագրի առթիվ դաշնակիցներին և Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսար Գ. Չիչերինին հղելով իր բողոքագրերը՝ հեռացել է ակտիվ քաղաքական գործունեությունից։ Ահարոնյանի գործերը («Ազատության ճանապարհին», 1926 և այլն) մեծապես նպաստել են հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին, ունեցել ոգևորիչ նշանակություն։
Ահարոնյանը գեղարվեստական երկերում առավելապես պատկերել է արևմտահայության ջարդերի դրվագներ, մերժել քրիստոնության հանդուրժողականության քարոզը։ Մի շարք գործերում («Արցունքի հովիտ», 1902, «Լռություն», 1904, «Սև թռչուն», 1910 և այլն) նկատելի է սիմվոլիզմի ազդեցությունը։ Ռեալիստ, երկերից են «Իմ բանտը» (1911) և «Պարտվածներ» (1912) պատմվածաշարերը, «Իտալիայում» (1903) և «Շվեյցարական գյուղը» (1913) ուղեգրությունները, «Իմ գիրքը» (հ. 1-2, 1927-31) վեպը և այլն։
1934-ին Մարսելում հրապարակային ելույթի ժամանակ Ահարոնյանը կաթվածահար է եղել։
Երկեր՝
ԵԼԺ, հ. 1-10, Բոստոն, 1946-51։
Գրականություն
Ով ով է. հայեր, Կենսագրական հանրագիտարան, Հատոր 1-ին, էջ 61
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am