Արղության Հովսեփ (Խանասորի Իշխան): Հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ: ՀՀԴ կուսակցության հիմնադիրներից: Արղության իշխանական տոհմից: Ծնվել է 1863թ., ՀՀ Ալավերդի քաղաքի շրջագծում՝ Սանահին գյուղում: Մահացել է 1925թ. Փարիզում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1884), աշխատել Ջալալօղլիի, Աուրամի, Թիֆլիսի հայկական դպրոցներում: 1889-ին անցել է Արմ. Հայաստան, համագործակցել եպսկոպոս Ն. Խարախանյանի, Արաբոյի հետ:
1890-ին մեկնել է Տրապիզոն, սակայն մատնությամբ ձերբակալվել է, հանձնվել ցարական իշխանություններին և աքսորվել Քիշնև: Վերադառնալով՝ անցել է Պարսկաստան (Թավրիգ), որտեղ հսկել և կարգավորել է ՀՀԴ զինագործարանի աշխատանքները, կազմակերպել և ղեկավարել է Արմ. Հայաստան զինամթերքի տեղափոխման գործը, զինատար խմբով անձամբ հասել Վան:
Մասնակցել է Խանասորի արշավանքին (1897), որից հետո պարսկական իշխանությունները ձերբակալել են և, որպես ռուսահպատակի, հանձնել ռուսական կառավարությանը: Բանտարկվել է Մետեխի բանտում (Թիֆլիս), ապա աքսորվել Վոլոգդա (վերադարձել է 1903-ին):
Մեծ աշխատանք է կատարել 1905-1906-ին թաթարական ջարդարարների դեմ հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար: Մասնակցել է Առաջին աշխարհամարտին, եղել հայկական կամավորական 7-րդ գնդի հրամանատար (1916-1917):
Հայաստանի Հանրապետության ժամանակաշրջանում (1918-20)՝ Վիրահայ ազգային խորհրդի նախագահ, ՀՀ խորհրդարանի անդամ, ապա՝ դեսպան Պարսկաստանում (1919-1920): 1922-ից հաստատվել է Փարիզում:
Գրականության ցանկ
«Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am