Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Արտահերթ նստաշրջան ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման, պատմական նստաշրջան

 Արտահերթ նստաշրջան ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման, պատմական նստաշրջան: Հրավիրվել է 1988-ի փետրվարի 20-ին՝ Ստեփանակերտում, համաժողովրղական առաջին ցույցերից ու հանրահավաքներից, մարզի աշխատավորության ներկայացուցչական խմբերի մոսկովյան առաջին երթ ու ղարձերից, շրջանային խորհուրղների գործկոմների որոշումներից հետո՝ անհրաժեշտաբար: Պատգմավորների (անհրաժեշտ երկու երրորդի) գրավոր համաձայնությունն ապահովել են Վ. Հակոբյանը, Գ. Գաբրիելյանը, Հ. Բեգլարյանը, Ա. Մանուչարովը, Յու. Ներսիսյանը, Յու. Ջհանգիրյանը, Ռ. Պետրոսյանը և ուրիշներ: Նիստին մասնակցել են 112 պատգամավոր, մարզկոմի բյուրոյի անդամներ, գործկոմի պատասխանատու աշխատողներ:

 ԽՄԿԿ կենտկոմի աշխատակից Վ. Յաշինը, Աղրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ք. Բաղիրովը, ԼՂԻՄ-ի մարզկոմի քարտուղար Բ. Կեակովը, մարզխորհրղի գործկոմի նախագահՎ. Օսիպովը, չկարողանալով խափանել նստաշրջանի աշխատանքը, հեռացել են դահլիճից: Մանդատային հանձնաժողովի նախագահ Վ. Մայիլյանի զեկուցումից հետո նստաշրջանի նախագահ է ընտրվել Վ. Հայրապետյանը: Նիստում քննարկման դրված միակ հարցի՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ-ին վերամիացնելու համար Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ ԳԽ-ներին դիմելու մասին զեկուցել է Վ. Հակոբյանը: Ելույթ է ունեցել 44 պատգամավոր: Նստաշրջանը որոշել է. «Ընդառաջելով ԼՂԻՄ-ի աշխատավորների ցանկություններին՝ խնդրել Ադրբեջանական ԽՍՀ ԳԽ-ին և Հայկական ԽՍՀ ԳԽ-ին խորին ըմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ ԳԽ-ի առջև ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցի դրական լուծման համար»: Սակայն 1988-ի փետրվարի 21-ին ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն իրականությունից հեռու և հապճեպ որոշում է ընդունել, որով Ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծմանն ուղղված համաժողովրդական շարժումը որակվել է որպես «ծայրահեղական» ու «ազգայնամոլական», ինչը իբր հակասում է Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ աշխատավորների շահերին: Միաժամանակ որոշում է ընդունել մշակել մարզի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացման միջոցառումներ:

 

Գրականություն՝

Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 թթ. հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am