Արշակ 2-րդ և Պապ
Հռոմեա-պարսկական հակամարտության սրման պայմաններում Հայաստանին ահաբեկելունպատակով Հռոմում սպանում են Արշակի եղբայր Տրդատին: Հուսիկ կաթողիկոսի թոռան` Ներսես Ա Պարթև կաթողիկոսի (353-373 թթ.) միջնորդությամբ հայրենիք են վերադառնում մյուս պատանդները` Տիրիթն ու Գնելը: Վերջիններիս ազատ արձակելով` կայսրը նպատակ ուներ նաև,անհրաժեշտության դեպքում, նրանց օգտագործել Արշակի դեմ` հայոց գահը հանձնելով նրանցիցմեկին: Գնելն ամուսնանում է Անդովկ Սյունու աղջկա` Փառանձեմի հետ: Տիրիթը, որ նույնպեսսիրում էր Փառանձեմին, Արշակին տրամադրում է Գնելի դեմ` արքային հավաստիացնելով, թենա ցանկանում է դավադրորեն դառնալ հայոց թագավոր: Գնելին մահապատժի են ենթարկում: Արշակը, իմանալով, որ Տիրիթն իրեն խաբել է, նրան նույնպես մահապատժի է ենթարկում,այնուհետև ամուսնանում Փառանձեմի հետ:
Արքունիքի և նախարարական տների միջև աճող լարվածությունը սպառնում էր երկրի ներքինկայունությանը: 354 թ. Տարոն գավառի Աշտիշատ գյուղում գտնվող Մայր եկեղեցում Ներսես Ա-ն հրավիրում է Հայ եկեղեցու առաջին ժողովը, որն ընդունում է հոգևոր և աշխարհիկ կյանքինառնչվող կանոններ: Որոշվում է կառուցել վանքեր, դպրոցներ, հիվանդանոցներ, իջևանատներ, աղքատանոցներ: Ժողովի սահմանած կանոնը հայոց թագավորին ու մեծամեծերին պատվիրում էր գթասիրտ լինել իրենց ծառաների և ստորադրյալների նկատմամբ, սիրել նրանց` որպես իրենցընտանիքի անդամների, անօրեն կերպով և չափազանց մեծ հարկերով չնեղել հասարակժողովրդին: Ծառաներին էլ պատվիրում էր հնազանդ ու հավատարիմ մնալ իրենց տերերին: Աշտիշատի կանոններով արգելվում են հեթանոսական շատ սովորույթներ` բազմակնությունը,մահացածների վրա անվայելուչ լացը, հարբեցողությունը և այլն:
Արշակ II-ն ուժեղ անձնավորություն էր և հաստատակամորեն ինքնուրույն քաղաքականություն էր վարում: Թագավորական իշխանության ամրապնդման և նախարարական կենտրոնախույս տրամադրությունները զսպելու նպատակով նա սկսում է Արշակավան քաղաքի կառուցումը Կոգովիտ գավառում: Արշակը թույլատրում է քաղաքում ազատորեն բնակություն հաստատելբոլոր ցանկացողներին, նույնիսկ օրինազանցներին: Այդ հանգամանքն առաջացնում է նախարարների դժգոհությունը, քանզի նրանց կալվածքներից Արշակավան էին փախչում ավանդառուներն ու պարտապանները, նրանցից դժգոհ ծառաներն ու շինականները: Թագավորից դժգոհ նախարարները, օգտվելով առիթից, որ արքան մեկնել է Վրաստան, հարձակվում և ավերում են Արշակավանը: Արշակը պատժում է որոշ նախարարների:
Արշակ II-ի քաղաքականությունը և պարսկա-հռոմեական պատերազմը: 359 թ. պատերազմ է սկսվում Հռոմի և Պարսկաստանի միջև: Պարսկական զորքը պաշարում է Ամիդ քաղաքը: Այսպատերազմի ընթացքում շատ կարևոր էր Հայաստանի դիրքորոշումը: Շապուհն օգնության խնդրանքով դիմում է Արշակին: Վերջինս հայոց զորքով պարսիկներից շուտ հասնում է Մծբին քաղաքի մոտ և հաղթանակ տանում հռոմեացիների հանդեպ: Շապուհի դստեր հետ ամուսնանալու առաջարկը Արշակը կտրականապես մերժում է: Անդովկ Սյունուն հայտնի է դառնում, որ Շապուհը մտադիր է սպանել Արշակին: Այդ մասին իմանալով՝ Արշակը անմիջապես վերադառնում է հայրենիք: Հայ-պարսկական կարճատև ռազմական դաշինքը խախտվում է: Ռազմական գործողություններն անձամբ գլխավորելու նպատակով Արևելք եկած Կոստանդիոս II-ի հրավերով Արշակ II-ը մեկնում է Մաժակ քաղաքը, որտեղ նրանք ամրապնդում են հայ-հռոմեական դաշինքը Արշակի և Օլիմպիայի՝ կայսեր մահացած եղբոր նշանածի ամուսնությամբ: Փառանձեմը չէր կարող հաշտվել այդ իրավիճակի հետ: Նրա ծառաներից մեկը թունավորում է Օլիմպիային:
Պարսկա-հռոմեական պատերազմն ավարտվում է Տիզբոնի մոտ Հուլիանոս Ուրացող կայսերպարտությամբ և մահով: Պարսից արքայի և հռոմեական նոր կայսեր՝ Հովիանոսի միջև 363 թ.կնքված պայմանագրով կայսրը պարտավորվում էր չօգնել հայոց արքային: Ըստ Փավստոս Բուզանդի՝ կայսրը Շապուհին վստահեցրել էր.
<<...եթե կարողանաս հաղթել նրանց և պարտադրես ծառայելու, ես նրանց թիկունքը չեմպաշտպանի>>: Հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելինոսը (IV դ.) այդ պայմանագիրն անվանել է <<ամոթալի>>:
Հայ-պարսկական պատերազմը: Մեծ Հայքի թագավորության հարավային սահմանագլխին `Գանձակ (Շահաստան) քաղաքում տեղակայված հայոց սահմանապահ գնդի հրամանատարներն Արշակ թագավորին տեղեկացնում են Շապուհ II-ի զորքերի ներխուժման վտանգի մասին: Արշակի հրամանով Վասակ սպարապետի զորքը դուրս է գալիս թշնամու դեմ և 363 թ. պարտությանմատնում նրան:
Հաջորդ տարի Սասանյանների զորքերը Հայաստան են ներխուժում երեք ուղղությամբ: Արշակը, Վասակը և նրա եղբայրը տեղի ունեցած մի քանի ճակատամարտերում ջախջախում են թշնամուն:
Այդ ժամանակ Մերուժան Արծրունին ներկայանում է Շապուհին, իր հպատակությունը հայտնում նրան և, ուրանալով քրիստոնեությունը, ընդունում մազդեզականություն: Շապուհը նրանխոստացել էր օգնել տիրանալու հայոց գահին՝ երկիրը պարսկական տիրապետությանը և կրոնին ենթարկելու պայմանով:
Պարսից զորքերի ներխուժումները Հայոց աշխարհին ավերածություններ էին պատճառում: Վասակ Մամիկոնյանը կարողանում է թշնամուն դուրս մղել երկրից: Հաջորդ անգամ Շապուհի մեծաքանակ զորքը հասնում է Անգեղ ամուր բերդը, որտեղ Արշակունի թագավորների գերեզմաններն ու գանձերն էին: Պարսիկները, չկարողանալով տիրել այս բերդին, գնում ուգրավում են Անի բերդը Դարանաղիում: Նրանք չեն կարողանում քանդել միայն Սանատրուկթագավորի շիրիմը, արքայական մյուս գերեզմանները բացում են և թագավորների ոսկորները գերեվարում՝ ասելով. <<Նրա համար ենք մենք հայոց թագավորների ոսկորները մեր աշխարհը տանում, որ այս աշխարհի թագավորների փառքը, բախտն ու քաջությունը այստեղից թագավորների ոսկորների հետ մեր աշխարհը փոխադրվեն>>: Վասակ սպարապետի գլխավորած հայոց 60000–անոց զորքը ջախջախում է թշնամուն, ազատում թագավորների ոսկորները և վերաթաղում Արագած լեռան լանջին՝ Աղձք գյուղում:
Հայաստան ներխուժած պարսից զորքերը նոր պարտություններ են կրում: Երկարատև պատերազմները հյուծում էին թե´ պարսիկների և թե´ հայերի ուժերը: Վիճակն ավելի է ծանրանում, երբ Մերուժանի դավաճանական օրինակին հետևում է Վահան Մամիկոնյանը:
Արշակի և Վասակի դավադրական սպանությունը: Շապուհը, համոզվելով, որ ռազմական ճանապարհով անհնար է ընկճել հայերին, որոշում է խաբեությամբ ձերբակալել Արշակին: Նա դեսպանների միջոցով հայոց արքային Տիզբոն է հրավիրում՝ վիճելի հարցերը կարգավորելու պատրվակով: Շապուհը իր մատանիով կնքված աղ է ուղարկում, ինչը պարսիկների բարձրագույն երդումն էր համարվում: Ի վերջո՝ Արշակ թագավորը Վասակ սպարապետի ուղեկցությամբ 368 թ.մեկնում է Պարսկաստան: Շապուհն Արշակին փորձելու նպատակով, ինչպես պատմում է հայրենասեր պատմիչ Փավստոս Բուզանդը, հրամայում է Հայաստանից բերել հող ու ջուր ևարքունի դահլիճի հատակի կեսը ծածկում այդ հողով՝ վրան ցանելով ջուրը: Շապուհը, Արշակի ձեռքից բռնած, ճեմելով շրջում էր դահլիճում: Պարսից հողի վրա Արշակը, որ խոսում էր զղջումով,հայկական հողի վրա սաստիկ ըմբոստանում է Շապուհի դեմ և հպարտորեն ասում. <<Հեռո´ւ ինձանից, չարագո´րծ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել, և ես չեմ ների քեզ և քո որդոց իմ նախնիների վրեժը...>>: Շապուհը հրամայում է Արշակին ձերբակալել և փակել Անհուշ բանտում:
Հաջորդ օրը Շապուհի հրամանով պալատ են բերում Վասակ Մամիկոնյանին: Նա ծաղրում է Վասակին՝ ասելով. <<Աղվե´ս, այդ դո՞ւ էիր խանգարիչը, որ այսքան չարչարեցիր մեզ... Ես քեզ պիտի աղվեսի մահով սպանեմ>>: Իսկ Վասակ սպարապետը արժանապատվորենպատասխանում է. <<Այժմ, երբ ինձ տեսնում ես կարճահասակ, մեծությանս չափը չեսհասկանում, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվես: Բայց մինչ ես Վասակն էի՝ հսկա էի, մի ոտս հենում էի մի լեռան վրա, իսկ մյուսն էլ՝ մյուս լեռան. երբ հենվում էի աջ ոտքիս վրա, աջ կողմի լեռն էր գետնի տակ անցնում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ կողմի լեռն էր գետնի տակ անցնում>>: Շապուհի հարցին, թե որոնք էին այդ լեռները, Վասակ սպարապետը պատասխանում է. <<Այդ երկու լեռներից մեկը դու էիր, իսկ մյուսն էլ՝ հունաց թագավորը>>: Կատաղած Շապուհը հրամայում է Վասակին սպանել: Շուտով բանտում նահատակվում է նաև Արշակ II թագավորը՝ Արշակունյաց արքայատոհմի ամենապայծառ դեմքերից մեկը:
Արտագերսի պաշտպանությունը: Հայոց ազատատենչ ոգու դրսևորումն էր պաշարման մեջհայտնված Արտագերս ամրոցի պաշտպանների` Փառանձեմ թագուհու և տասնմեկ հազար ընտիր զորականների երկարատև ու հերոսական դիմադրությունը: Ամրոց թափանցած երկու հայ իշխաններ, որոնք մտադիր էին համոզելու թագուհուն՝ զենքը վայր դնել, տեսնելով Փառանձեմի վճռականությունը, միանում են պաշտպաններին: Թագուհու միակ հույսն իր որդու՝ Պապի վերադարձն էր, որին նա ուղարկել էր Վաղես կայսեր մոտ՝ օգնություն խնդրելու: Շապուհն ավելի էսաստկացնում ճնշումը: Երկարատև պաշարման հետևանքով սկսված համաճարակը, սովը ևանընդմեջ կռիվներն ուժասպառ էին արել Արտագերսի պաշտպաններին:
Զավթիչները, ներխուժելով ամրոց, ոչնչացնում են ողջ մնացածներին, իսկ Փառանձեմին,անմարդկային խոշտանգումների ենթարկելով, սպանում:
Այդ ընթացքում Մերուժանը և Վահանը երկրի տարբեր վայրերում ավերածություններ էին կատարում, ատրուշաններ շինում և հայերին բռնի պարտադրում մազդեզական կրոնը: ՈւրացյալՎահանին սպանում է իր որդին` Սամվել Մամիկոնյանը:
Պապ թագավորի գահակալությունը: Պապը հռոմեական զորավար Տերենտիոսի գլխավորած միզորաջոկատով վերադառնում է Հայաստան: Պատերազմի թեժ պահին Վաղես կայսեր կողմիցհայոց գահին է հաստատվում Պապը (370-374 թթ.): Նահատակված սպարապետ Վասակ Մամիկոնյանի որդին՝ Մուշեղը, դառնում է հայոց սպարապետ և սկսում Հայոց աշխարհիազատագրումը:
Ըստ Փավստոս Բուզանդի՝ Մուշեղը վերականգնում է <<...hին սահմանը, որ առաջ գոյությունուներ Հայոց երկրի և Վրաց երկրի միջև, որպիսինն էր մեծ գետ Կուրը>>: Մուշեղ զորավարը շրջում էր երկրում և քանդում պարսիկների ու հայրենիքն ուրացողների կառուցած մազդեզականատրուշանները: Պարսից արքունիքից պատիվ վայելող անձինք ձերբակալվում և խստագույնս պատժվում էին: Այդպես Մուշեղը լուծում էր Արշակ արքայի և Վասակ սպարապետի վրեժը: Պապ թագավորը տեր է կանգնում Կոգովիտ գավառի Դարույնք բերդում պահվող Արշակունյաց գանձերին: Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում եկեղեցիները, կարգի բերվում պետության գործերը: Մուշեղը շարունակում է երկրի պաշտպանության գործը:
Մուշեղը 370 թ. 40 հազար ընտիր զորականներով գնում է դեպի Հայաստանի հարավայինսահմանը: Այնտեղ էր եկել Շապուհն իր զորքով, որի մի գնդի հրամանատարն էր հայրենադավ Մերուժանը: Ատրպատականում Մուշեղն իր զորքով նախահարձակ է լինում: Շապուհը փախչում է, իսկ պարսից ավագներից շատերը ձերբակալվում են և Մուշեղի հրամանով մահապատժի ենթարկվում: Հաղթանակած հայերի ձեռքն են ընկնում պարսից արքայի գանձարանը և կանանոցը:Մուշեղը հրամայում է կանանոցը վերադարձնել Շապուհին: Շապուհը, ապշած հայոց զորավարի արարքից, մի գավաթի վրա նկարել է տալիս Մուշեղի պատկերը՝ ճերմակ ձին հեծած: Իր զորքին հյուրասիրելու պահին նա ամեն անգամ ձեռքն է վերցնում գինու գավաթը և ասում.<<Ճերմակաձին գինի արբցէ>>: Երբ հայոց զորքը վերադառնում է պատերազմից, ոմանք Պապի առջև ամբաստանում են Մուշեղին: Թագավորը զայրանում է, որ Մուշեղն ինքնակամ ազատել է կանանոցը՝ անհարկի մեծահոգություն ցուցաբերելով իր մոր հանդեպ դաժանորեն գործած Շապուհի նկատմամբ:
Ձիրավի հաղթական ճակատամարտը: Պապ թագավորը, տեղեկանալով, որ 371 թ. մեծաքանակպարսից զորքը կրկին ներխուժել է երկիր և հասել Միջնաշխարհ, հրամայում է հայոց զորքերըհավաքել Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավի դաշտում: Նրանց են միանում հռոմեական զորաջոկատները: Պապ թագավորը մարտավարության բոլոր կանոններովհայ-հռոմեական միացյալ ուժերը նախապատրաստում է վճռական ճակատամարտի: Հայոց զորքիթիվը ավելի քան 90 հազար էր:
Տերենտիոս զորավարը խնդրում է Պապ թագավորին և Ներսես կաթողիկոսին ապահովության համար բարձրանալ Նպատ լեռը: Այնտեղ է գնում նաև Մուշեղը: Կաթողիկոսի բարեխոսությամբփարատվում է Պապի զայրույթը Մուշեղի նկատմամբ: Սպարապետը սուրբ երդում է տալիս ևստանում կաթողիկոսի օրհնությունն ու թագավորի բարի մաղթանքը, որից հետո կրկին ստանձնում է զորքի հրամանատարությունը:
Լուսադեմին սկսվում է Ձիրավի ճակատամարտը: Ներսես կաթողիկոսը, բազուկները տարածած, հայոց հաղթանակի համար աղոթում է Նպատ լեռան վրա: Մուշեղի գլխավորած զորագնդերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա: Սմբատ ասպետի հրամանատարությամբսեպուհական զորագունդը նույնպես խիզախորեն էր գործում: Սպանդարատ Կամսարականի զորաթևը ջախջախում և փախուստի է մատնում հակառակորդի կենտրոնի զորախմբին: Հաղթանակը կատարյալ էր:
Պարսից բանակի մնացորդները փախուստի են դիմում: Մերուժանին ձերբակալում է Սմբատ Բագրատունին: Նա, երկաթե շամփուրը տաքացնելով, բոլորում է պսակի ձևով և շիկացնելովասում. <<Քեզ պսակում եմ, Մերուժա´ն, որովհետև դու ձգտում էիր հայոց վրա թագավորելու, ևիմ՝ ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրերի իշխանության կարգով>>: Եվ շիկացածշամփուրը դնում է Մերուժանի գլխին: Այդպես իրականացվում է չարագործի մահապատիժը:
372 թ. Մուշեղը, լուր ստանալով Շապուհի առաջիկա ներխուժման մասին, զորքով շարժվում էդեպի Գանձակ: Հայոց զորքը քաջալերական <<Քաջ Արշակի համար>> բացականչություններով մարտի է նետվում և ջախջախում է պարսկական ուժերը: Վերականգնվում է երկրի խաղաղությունը:
Պապի բարեփոխումները և արտաքին քաղաքականությունը: Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են պետության անվտանգության և ռազմատնտեսական հզորության ամրապնդմամբ: Բանակի թիվը հասցվում է մոտ հարյուր հազարի: Հոգևորականների եղբայրներին, զավակներին և ազգականներին պարտադրվում է պետական ծառայություն կատարել: Միևնույն ժամանակ սահմանափակվում է եկեղեցական հողատիրությունը: Այդ նպատակով Պապը նախ վերացնում է <<պտղի և տասանորդների կարգը>>, այսինքն` բերքից եկեղեցուն վճարվող տուրքը: Այնուհետև նա, հօգուտ արքունիքի, եկեղեցուց կտրում է Տրդատ III Մեծի տված հողի մեծ մասը: Պապի հրամանով փակվում են կուսանոցները և այրիների ապաստանները, թույլ է տրվում կույսերին և այրի կանանց ամուսնանալ: Այդպես Պապը խրախուսում է երկրի բնակչության և հայոց բանակի թվաքանակի աճը:
Պապը Սպանդարատ Կամսարականին վերադարձնում է հայրենի Շիրակ և Արշարունիք գավառները, ինչպես նաև մյուս նախարարներին է վարձահատույց լինում հավատարիմ ծառայության համար:
Պապի վարած անկախ քաղաքականության արդյունքում Հայաստանից վտարվել էին պարսից զորքերը: Ներսես Մեծի մահվանից հետո հայոց կաթողիկոսական աթոռին Աղբիանոսի տոհմիցբարձրացած Հուսիկ-Շահակը, այլևս Կեսարիա չի մեկնում՝ ձեռնադրություն ստանալումետրոպոլիտից, ինչով հաստատվում էր հայոց կաթողիկոսական աթոռի սկզբնականինքնուրույնությունը:
Պապը Վաղես կայսեր մոտ պատգամավորներ է ուղարկում տարածքային պահանջով, ըստ Փավստոս Բուզանդի, փաստարկելով, թե հնում <<Կեսարիայի (Կապադովկիայի Մաժակը) ուրիշ տասը քաղաք մերն են եղել, ե´տ տուր, Ուռհա (Եդեսիա) քաղաքն էլ մեր նախնիքն են շինել,ուստի, եթե չես ուզում, որ խռովություն ծագի մեր մեջ՝ ե´տ տուր>>: Սա վկայում է ժամանակին՝այդ տարածքների հայկական պետության մեջ լինելու մասին: Վաղես կայսրը, որն այդ ժամանակԿիլիկիայի Տարսոն քաղաքում էր, պատասխանում է դավադրությամբ: Նա իր մոտ է կանչում հայոց թագավորին, որը վերջին պահին է իմանում դավադրության մասին: Պապը մեծ դժվարությամբ կարողանում է խուսափել ծուղակից և իր 300–հոգանոց թիկնապահ գնդով վերադառնում է Մեծ Հայք:
Վաղես կայսեր հրամանով հռոմեական հրամանատարները 374 թ.՝ խնջույքի ժամանակ, դավադրորեն սպանում են Պապին: Հռոմեացի պատմիչ Ամմիանոս Մարկելինոսն այդ մասին գրել է. <<Այսպիսի անարգ նենգությամբ դյուրահավատությունը խարդավանվեց. օտարականի արյունըփրփրելով թափվեց շքեղ սեղանածածկոցների վրա՝ դեմ հանդիման հյուրասիրության, Աստծո հյուրընկալության ժամանակ, և այնուհետև ճաշկերույթի մասնակիցները, որոնք չափից ավելի հագեցած էին, բոլորովին սարսափահար եղան ու փախան>>: Այսպես նենգաբար սպանվեց հայոց երիտասարդ ու եռանդուն արքան, որն իր կարճատև գահակալման ընթացքում կատարեց բազմաթիվ հայրենանվեր գործեր: Նա ամրապնդեց բանակը, երկիրը մաքրեց օտար նվաճողներից,իրականացրեց մի շարք բարեփոխումներ և հայոց պատմության մեջ մնաց որպես նշանավոր արքաներից մեկը:
Դանիելյան Է.
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am