Առաքելյան Բաբկեն ՆիկոլայիԱռաքելյան Բաբկեն Նիկոլայի: Ծնվել է 1912թ. փետրվարի 1-ին Հայաստանի Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում: 1933-1938թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1938-1941թթ. սովորել է Պատմության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1946-1949թթ.-ին եղել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1949թ.-ից ղեկավարել է Գառնիի պեղումները: 1949-1959թթ.-ին եղել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և վիմագրության բաժնի վարիչ, ապա 1959-1986թթ.՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, 1962-1972թթ. ղեկավարել է Արմավիրի պեղումները:

 1968-1990թթ.-ին համատեղության դասախոսել է ԵՊՀ-ում: 1970թ.-ից ղեկավարել է Արտաշատի պեղումները: 1982-1990թթ.՝ ՀԽՍՀ ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադ-քարտուղար: 1941թ.՝ պատմական գիտությունների թեկնածու, 1954թ.՝ պատմական գիտությունների դոկտոր, 1957թ.՝ պրոֆեսոր:

 1965թ. ստացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ: 1968թ.՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ: 1974թ.՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1978, 1986թթ. ստացել է ՀԽՍՀ Պետական մրցանակներ, «Կարմիր դրոշի» շքանշան, Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան, «Կարմիր աստղի» շքանշան, «Աշխատանքային կարմիր դրոշի» 2 շքանշան:

 Գիտական աշխատություններ վերաբերում են Հայաստանի հին և միջնադարյան արվեստի, նյութական մշակույթի հուշարձանների, քաղաքների և արհեստների պատմությանը: Հեղինակ է շուրջ 100 գիտական հոդվածների և գրքերի: Բաբկեն Առաքելյանի ջանքերով ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը հրատարակել է մատենաշարեր.  «Հնագիտական պեղումները Հայաստանում» (22 պրակ), «Հայաստանի հնագիտական հուշարձաններ» (14 պրակ), «Դիվան հայ վիմագրության» (6 պրակ), «Հայ ազգագրություն և բանահյուսություն» (18 հատոր), «Հայ ժողովրդական հեքիաթներ» (13 հատոր) և այլն: Բաբկեն Առաքելյանը` որպես հեղինակ և խմբագիր, գործուն մասնակցություն է ունեցել «Հայ ժողովրդի պատմություն» 8-հատորյակի II և III հատորների ստեղծմանը: Նրա ղեկավարությանբ պաշտպանվել է թեկնածուական 9 ատենախոսություն:

 Բազմիցս զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում (Մոսկվա, Փարիզ, Լիսաբոն, Լոնդոն, Հռոմ, Կահիրե և այլն):

 Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Մահացել է 2004թ. օգոստոսի 16-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում:

 

Գրականության ցանկ

 «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am