Մանուկյան Արամ Մանուկյան Արամ (Հովհաննիսյան Սարգիս), Արամ փաշա: Ծնվել է 1879 թ. Զեյվա գյուղում (այժմ՝ գ. Դավիթ Բեկ՝ ՀՀ Սյունիքի մարզում), մեկ այլ տեսակետի համաձայն է՝ Շուշիում: Մահացել է 29.01.1919 թ. Երևանում: Հայ մեծանուն ազգային պետական-հասարակական գործիչ։ ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Շուշիի թեմական դպրոցում: Ավարտել է Երևանի թեմական դպրոցը (1901)։ 1903-ին Կարսից զենք, զինամթերք և կամավոր խմբեր է տեղափոխել Արևմտյան Հայաստան։ 1904-1908 թթ. որպես դաշնակցական գործել է Վանում, ապա Օրդու քաղաքում զբաղվել ուսուցչությամբ, այնուհետև երկու տարի ապրել է Ժնևում, 1910 թ. վերադարձել Վան։ Այստեղ մի շարք գործիչների հետ միասին կազմակերպել և ղեկավարել է 1915 թ. (ապրիլ-մայիս) Վանի հերոսամարտը, որի ավարտից հետո նշանակվել է Վանի նահանգապետության նահանգապետ (գոյատևել է 70 օր)։ Ռուսական զորքերի նահանջի ժամանակ կազմակերպել է Վասպուրականի հայության գաղթը դեպի Արևելյան Հայաստան։ 1916-1917 թթ. աշխատել է Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդում։ Մեծ դեր է խաղացել արևմտահայերի առաջին համագումարի (Երևան, 1917 թ. մայիս) կազմակերպման գործում։ 1917 թ., որպես Հայոց ազգային խորհրդի լիագոր-ներկայացուցիչ, ժամանել է Երևան։ 1918 թ. մարտին Երևանի հանրության ներկայացուցիչների ժողովում ընտրվել է դիկտատոր։ Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար։

 Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերի (1918-ի մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքը։ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակումից (1918թ. մայիսի 28) հետո փաստացի ղեկավարել է երկիրը մինչև հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի կառավարությունը՝ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ։ Նոր կառավարության կազմում զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Մահացել է բծավոր տիֆից։

Մանուկյանի մասին երգեր են գրվել, անունով կոչվել փողոցներ Երևանում և ՀՀ այլ բնակավայրերում։

Գրականության ցանկ

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am