Անկախության բանակ: Կամավորական աշխարհազորային ռազմաքաղաքական միավորում։ Կազմավորվել է 1989-ի հոկտեմբեր դեկտեմբերին՝ Ազգային. ինքնորոշում միավորում (ԱԻՄ) կազմակերպության խորհրդի անդամների (Ա. Նավասադյան, Մ. Գորգիսյան, Լ. Հակոբյան, Ա. Արշակյան, Ռ. Մարկոսյան, Ա. Հակոբյան, Ն. Զուրաբյան, Գ. Միրզոյան, Դ. Հակոբյան) նախաձեռնությամբ։ Անկախության բանակի գաղափարական, կազմակերպչական սկզբունքները և նպատակները շարադրված են հռչակագրում, ուր մասնավորապես ասված է. «Բանակը կոչված է պաշտպանելու Հայաստանի անկախացման գործընթացը, ազգի յուրաքանչյուր նվաճում օտար ոտնձգություններից... Այն գալիս է անվարան հերթափոխի Հայրենիքի հավերժության զոհասեղանի առաջ՝ հանուն մեր դարավոր իղձի իրականացման...»։ Նպատակները և առաքելությունը չէին սահմանափակվում Հայաստանի և Արցախի ինքնապաշտպանական խնդիրներով և ունեին ազգային հիմնախնդիրների ավելի լայն ընդգրկում։ 1990-ի մարտի 23-ին Անկախության բանակի հայտարարությամբ դուրս է եկել ԱԻՄ կազմից, դարձել ինքնուրույն միավոր, պահպանել անվանումը և նպատակները։ Անկախության բանակի մի քանի ղեկավարներ (Ա. Նավասարդյան, Լ. Հակոբյան, Ն. Զուրաբյան, Ա. Հակոբյան) 1990-ի ապրիլի 2-ին հիմնադրված Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերում ներգրավվել և ստեղծել են նոր ռազմական խորհուրդ (գերագույն հրամանատար՝ Ա. Նավասարդյան, առաջին տեղակալ՝ Լ. Հակոբյան, անդամներ՝ Ա. Հակոբյան, Հ. Գևորգյան, Ա. Մալխասյան, Ա. Աղաբեկյան, Կ. Կարապետյան, ընդհանուր հրամանատար՝ Լեոնիդ Ազգալդյան, շտաբի պետ՝ Ա. Աղաբաբյան)։ 1989-ի դեկտեմբերից Անկախության բանակի ստորաբաժանումներ է ունեցել Երևանում, էջմիածնում, Արտաշատում, Արմավիրում, Արարատում, Մասիսում, Ձարենցավանում, Կամոյում, Վարդենիսում, Վանաձորում, Իջևանում, Տաշիրում, ԼՂՀ-ում։
1990-ի փետրվարին մի շարք աշխարհազորային միավորումների և Անկախության բանակի նախաձեռնությամբ ստեղծվել է Հայաստանի աշխարհազորային ուժերի Պաշտպանության համակարգիչ խորհուրդը, որի շրջանակներում պետք է գործեին ՀՀ բոլոր ինքնապաշտպանական կազմավորումները։
1989-90-ին Անկախության բանակի մասնակցել է ՀՀ սահմանների և ԼՂ ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։ 1990-ի մայիսի 27-ին Անկախության բանակի ակտիվ գործունեության շնորհիվ կանխվել է Երևանի երկաթուղային կայարանում ԽԱՀՄ ԶՈՒ և պետական անվտանգության կոմիտեի կողմից կազմակերպված սադրիչ գործունեությունը։ 1990-ի օգոստոսի 23-ին Անկախության բանակը կազմալուծվել է. հրամանատարները և ազատամարտիկներն անցել են քաղաքական գործունեության, զինվորական և քաղաքացիական ծառայության։
Լ. Հակոբյան
Գրականության ցանկ
Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994. Հանրագիտարան, Երևան 2004:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am