Անասյան Հակոբ Սեդրակի: Ծնվել է 1904 թ. մայիսի 5-ին Թուրքիայի Էսկիշեհիր քաղաքում: Մահացել է 1988 թվականի հունվարի 28-ին Լոս Անջելեսում: Եղել է պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, մատենագետ, ձեռագրագետ: 1962 թ. ստացել է Պատմական գիտությունների թեկնածուի կոչում, ապա 1984 թ. Լա Վեռնի ամերիկահայկական միջազգային քոլեջի պատվավոր դոկտոր կոչում: Ավարտել է Վենետիկի Ս. Ղազարի Մխիթարյան վարժարանը (1925 թվական), 1931-1934 թթ. Փարիզում հետևել Կ. Բասմաջյանի հայագիտական դասընթացներին: 1936-ին ներգաղթել է Հայաստան: 1936-1947-ին եղել է գիտաշխատող ԵՊՀ-ում, 1947-1976-ին աշխատել է Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում, 1979-1988-ին՝ Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) Մերձավորարևելյան լեզուների ուսումնական կենտրոնում: Եղել է նույն համալսարանի Գրիգոր Նարեկացու անվան հայագիտական ամբիոնի պատվավոր անդամ: Աշխատակցել է հայ պարբերական մամուլինԵրկունք», «Էջմիածին», «Պատմա-բանասիրական հանդես», «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա», «Սիոն», «Շողակաթ» և այլն): Տիրապետել է հին և նոր բազմաթիվ լեզուների: Անասյանը հեղինակ է հարյուրից ավելի աշխատությունների, որոնք հիմնականում նվիրված են միջնադարյան Հայաստանի քաղաքական կացությանը, կրոնի պատմությանը, մշակույթին, գրականությանը, լեզվին, մատենագրությանն ու մատենագիտությանը: Նա զգալի ավանդ ունի հայ ազգային-ազատագրական շարժումների պատմության ուսումնասիրման բնագավառում: «Նպաստ մը հայոց ազատագրական պատմության (ԺԷդար). Մահտեսի Շահմուրատ և Հովհաննես Թութունջի»(1934), «XVII դ. ազատագրական շարժումներն Արևմտյան Հայաստանում» (1961), «Ստեփանոս Սալմաստեցի» (1981) և այլ աղբյուրագիտական ու պատմագիտական մենագրություններում իր իսկ հայտնաբերած վավերագրերի միջոցով վեր է հանել հայ ազատագրական շարժումների չուսումնասիրված կամ պակաս ուսումնասիրված շատ դրվագներ, լուսաբանել հայ ժողովրդի ծանր վիճակը թուրք-պարսկական տիրապետությունների ներքո, արժեքավոր նոր տվյալներ ի հայտ բերել ֆրանսիական և հաբեշական արքունիքների հետ հայ քաղաքական շրջանակների հարաբերությունների վերաբերյալ: Աղբյուրագիտական, բնագրագիտական կարևոր նշանակություն ունեն «Հայկական աղբյուրները Բյուզանդիայի անկման մասին» (1957), «Հովհաննես Կամենացի. Պատմութիւն պատերազմին Խոթինու» (1964), «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» (1969), «Գրիգոր Շղթայակրի պատմական մեծ հիշատակարանը» (1980) և այլ աշխատություններ: Անասյանը կազմել և հրատարակել է վերոհիշյալ հեղինակների երկերի գիտաքննական բնագրերը՝ մանրամասն ծանոթագրություններով: «Վարդան Այգեկցին իր նորահայտ երկերի լույսի տակ» ուսումնասիրությունը կարևոր ներդրում է հայ մատենագրության պատմության մեջ: Նա հայտնաբերել է Վարդան Այգեկցու «Գիրք հաստատութեան և արմատ հաւատոյ» (Մատենադարան, ձեռ. դ2080) դավան. Բնույթի ժողովածուն, «Վասնշատահաջ քննողացն հանդիմանութիւն» նամակը և «Վասն անիրաւ բամբասողաց եկեղեցւոյս Հայաստանեայց» գրվածքը: Անասյանը նորովի է ներկայացրել առակագիր Վարդան Այգեկցուն՝ որպես իր ժամանակի մեծագույն աստվածաբաններից մեկի: «Արմատ հաւատոն» նվիրված է Հայ եկեղեցու դավանության և նրա կարգերի պաշտպանությանը՝ «ընդդեմ երկաբնակաց և ամենայն հերձուածողաց»: «Արմատհաւատոն» ընդգրկում է և՛ դավանական, և՛ ծիսական խնդիրներ: Հայագիտության նվաճումներից է Անասյանի «Հայկական մատենագիտություն. ԵԺԸ դդկոթողային աշխատությունը: Հրատարակվել են բազմահատոր այս աշխատության միայն առաջին երկու հատորները (1959,1976): Գիրքն ունի աղբյուրագիտական, բնագրագիտական, ձեռագրագիտական, պատմագիտական, բանասիրական արժեք և հայ մատենագրության համապարփակ մի հանրագիտարան է: Այստեղ ներկայացվել է հայկական մատենագրության շուրջ 1500-ամյա ձեռագիր և տպագիր ժառանգությունը, հանրագումարի են բերվել ու գնահատվել հայ մատենագրության անցած բազմամյա ուղու արդյունքները: Անասյանը գիտականորեն դասակարգել է հայերեն բնագրերը, բացահայտել խմբագրությունների ժամանակային սահմանները, փոխադարձաղերսն ու առնչությունները, նշել հիմնական ու օժանդակ գրականությունը, աշխատությունների մասին գրված գրախոսականները: Նա կազմել է նաև Փավստոս Բուզանդի (1953),Մխիթար Գոշի (1954), Եղիշեի (1957), Կիրակոս Գանձակեցու (1961), Կոստանդին Երզընկացու (1962), Արիստակես Լաստիվերցու (1963), Սայաթ-Նովայի (1963) երկերի մատենագիտությունները: Մեծ է Անասյանի դերը Հայ եկեղեցու պատմության, դավանանքի, աստվածաբանական գրական ուսումնասիրման ասպարեզում: Արժեքավորեն հատկապես Աստվածաշնչի հայերեն թարգմանության և նրան աղերսվող «Աստվածաշունչ մատյանի հայկական բնագիրը» (1966,1972), «Էջմիածնի տպարանի սուրբ գրային հրատարակությունները» (1972), «Հայ համաբարբառային գրականությունը և հայ մատենագրության համաբարբառը» (1972) հետազոտությունները: Անասյանը հանգել է այն եզրակացության, որ Աստվածաշնչի հայերեն հնագույն թարգմանությունը կատարվել է մինչև 431-ը,ասորական Պեշիտտայից: Առանձին ուսումնասիրման նյութ է դարձրել «Ներսես Շնորհալին և Արմատ հաւատոյ» ժողովածուն, բացահայտել այդ ժողովածուի աղբյուրները՝ հանձինս Իրենեոս Լուգդոնացու, Բիտալիոս Անտիոքացու, Գրիգոր Սքանչելագործի, Հակոբ Սրճեցու, Զենոբ Եդեսացու, Դահեղա Եդեսացու, Կղեստինոս Հռոմայեցու և Բարսումա Անտիոքացու ստեղծագործությունների:

 

                                                                                                         Հովհաննիսյան Պ.

Գրականության ցանկ

  «Ով ով է հայեր.(Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան,2005 թ.

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002:

Հայ պատմադավանաբանական գրականության թանկարժեք հուշարձանը. «Գիրք հաստատութեան եւ արմատ հաւատոյ», «Էջմիածին», 1972, դ 8–9:

Հետազոտական ակնարկներ, հ. 1, Վնն., 1984: Մանր երկեր, Լոս Անջելես, 1987:

Հակոբ Սեդրակի Անասյան, Լոս Անջելես,1984:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am