Անանուն Դավիթ (Տեր-Դանիելյան): Ծնվել է 1879թ. Լեռնային Ղարաբաղի Մեծշեն գյուղում (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում): Եղել է հրապարակախոս, պատմաբան, հասարակական գործիչ: Աշխատակցել է Թիֆլիսում և Երևանում լույս տեսնող հայ պարբերական մամուլին: 1920-1926թթ.` Երևանի հեղափոխության թանգարանի տնօրեն:

 Նախապես հարել է ՍԴՀԿ, ապա՝ ՀՀԴ, 1905թ.-ից՝ Հայ սոցիալ-դեմոկրատական բանվորական կազմակերպությանը (սպեցիֆիկներ)՝ դառնալով վերջինիս գաղափարախոսը:

 Անանունը հեղինակ է հայ ժողովրդի նոր պատմության հարցերի, ազգամիջյան հարաբերությունների վերաբերյալ աշխատությունների: «Ռուսահայերի հասարակական զարգացումը» աշխատության մեջ շարադրել է Արևելյան Հայաստանի հասարակական-քաղաքական և մշակութային զարգացման պատմությունը: Խոշոր բուրժուազիային համարել է ապազգային, գյուղացիությանը՝ հայության ողնաշարը, ազգային կյանքում բացառիկ տեղ է հատկացրել բանվորներին:

 Պաշտպանել է «կուլտուր-ազգային ինքնավարությունը»՝ հակադրելով ազգերի ինքնորոշման ծրագրինԱզգային հարցը և դեմոկրատիան» հոդվածաշար), որի համար քննադատվել է Ստեփան Շահումյանի կողմից:

 Կալանավորվել է և մեղադրվել հակասովետական խմբին պատկանելու մեջ: ԽՍՀՄ Միացյալ պետական քաղաքական ղեկավարման նախագահության հատուկ խորհրդով դատապարտվել է և 3 տարով աքսորվել Բաշկորտոստանի ՍՍՀ: Աքսորավայրում կրկին ձերբակալվել է և մեղադրվել հակասովետական քարոզչություն իրականացնելու մեջ: 1939թ. մարտի 14-ին Աստրախանյան շրջանային դատը Դավիթ Անանունին դատապարտում է 8 տարվա ազատազրկման: 1941թ. նույն դատի կողմից դատապարտվում է 10 տարվա ազատազրկման կալանավորների շրջանում հակասովետական քարոզչություն իրականացնելու համար:

 Մահացել է 1942թ. Ռուսաստանի Աստրախան քաղաքում:

 

Գրականության ցանկ

 «Ով ով է հայեր. (Կենսագրական հանրագիտարան)», հատոր առաջին, Երևան, 2005 թ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am