Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Ալեքսանդրապոլի կոնֆերանս

 Ալեքսանդրապոլի կոնֆերանս 1920: Կայացել է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը, Ալեքսանդրապոլում` քեմալական Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև` 1920-ի թուրք-հայկական պատերազմից հետո ծագած վիճելի հարցերը լուծելու և փոխհարաբերությունները կարգավորելու նպատակով: Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավարն էր Ա. Խատիսյանը, Թուրքիայինը` Ք. Կարաբեքիր փաշան: Կոնֆերանսի առաջին նիստում թուրք. պատվիրակությունը հայկական պատվիրակությունից պահանջեց հրաժարվել 1920-ի Սևրի հաշտության պայմանագրից: Ա. Խատիսյանը փորձեց խուսափել այդ պահանջից հայտարարելով, որ հրաժարվելուց առաջ Հայաստանի կառավարությունը պետք է գիտենա, թե ինչպիսի լուծում են ստանալու հիմնական` տարածքային, դեպի ծով ելք ունենալու և այլ հարցերը: Բայց Կարաբեքիր փաշան պնդեց իր պահանջը` սպառնալով, թե «մինչև որ չհայտարարվի դաշնագրից հրաժարվելը, Թուրքիան բանակցություններ սկսել չի կարող»:  Պատվիրակությունը, խորհրդակցելով, որոշեց ընդունել Սևրի պայամանագրից հրաժարվելու թուրքիայի պահանջը: Այդ մասին հարցում արվեց նաև հանրապետության կառավարության նախագահ Ս. Վրացյանին, որը տվեց իր համաձայնությունը: Կոնֆերանսի երկրորդ նիստում (նոյեմբերի 27-ին) հայկ. պատվիրակությունը ներկայացրեց Սևրի պայմնագրից իր գրավոր հրաժարականը: Միաժամանակ թուրքական պատվիրակությունը մերժեց հայկական պատվիրակության պահանջը կոնֆերանսում որպես միջնորդ Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցության վերաբերյալ: Այդ նիստում որոշվեց, որ մինչև հաջորդ նիստի հրավիրումը կողմերը մշակեն սահմանների վերաբերյալ նախագծեր և ծանոթացնեն միմյանց: Նոյեմբերի 28-ին Ա. Խատիսյանը ներկայացրեց հայկական նախագիծը, որի համաձայն Հայաստանի մեջ մտնում էին Արլ. Հայաստանը, Վանը, Մուշը, Սև ծովում` Ռիզե նավահանգիստը:  Քարտեզին կցվեց նաև բացատրական գրություն, որտեղ նշվում էր, որ Հայաստանը կարող է ընդունել շուրջ 800 հզ. հայրենադարձի: Հաջորդ օրը Խատիսյանի հետ առանձին հանդիպման ժամանակ Կարաբեքիրը մերժեց քննարկել հայկական պատվիրակության ներկայացրած պայմանները` միաժամանկ նշելով, որ Հայաստանը լքված է բոլորի կողմից և չի կարող հույս դնել որևէ մեկի օգնության վրա:  Թուրք պատվիրակության ներկայացրած ծրագրի համաձայն, Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը պետք է անցներ Արփաչայ (Ախուրյան) և Արաքս գետերով: Շարուրը և Նախիջևանը ինքնավարության պատրվակով անջատվում էին Հայաստանից և դրվում  Թուրքիայի հովանավորության տակ: Հայաստանը կարող էր ունենալ 1200 զինվոր, 20 գնդացիր, 8 հրանոթ, պետք է խզեր բոլոր կապերը դաշնակիցների հետ:  Թուրք. կողմը գտնում էր, որ Հայաստանը կարող է ընդունել ոչ ավել քան 20 հզ. հայրենադարձի, որ «հայերը տեղաբնիկներ չեն, իսկ հայկական մշակույթն ունի թուրքական արմատներ» և այլն: Դեկտեմբերի 1-ին կայացած 3-րդ նիստի ժամանակ Կարաբեքիրը վերջնագրի ձևով պահանջեց  առանց հապաղելու  ընդունել  թուրքական  նախագիծը` սպառնալով հակառակ դեպքում վերսկսել ռազմական գործողությունները: Խատիսյանը առաջարկեց հետաձգել պատասխանը մինչև հաջորդ նիստը, որպեսզի հայկ. պատվիրակությունը հնարավորություն ունենա այդ մասին տեղյակ պահել իր կառավարությանը: Թուրքական պայմանները հաղորդվեցին Երևան: Գիշերը ստացվես Ս. Վրացյանի պատասխանն այն մասին, որ բոլշևիկյան զորքերը մտել են Քարվանսարա, որ իր կառավարությունը հրաժարական է տալիս, և կազմվում է բոլշևիկների հետ կոալիցիոն կառավարություն, որի մեջ դաշնակցականներից մտնում էին Դրոն (Դ. Կանայան) և Ա. Տերտերյանը, և որ պետք է ընդունել թուրք. պայմաններն ու ստորագրել պայմանագիրը: Ս. Վրացյանի պատասխանն այնքան տարօրինակ էր (հայտարարելով իր հրաժարականի մասին, միաժամանակ ցուցում  էր տալիս ստորագրել պայմանագիրը), որ Խատիսյանը հապաղեց ստորագրել և հաջորդ օրը (դեկտ. 2-ին) դիմեց Դրոյին (համաձայն 1920-ի դեկտեմբերի 2-ի ՌԽՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրի, որին անցել էր ամբողջ իշխանությունը` մինչև հեղկոմի Երևան ժամանելը), որը տվեց խուսափողական պատասխան` պայմանագրի ստորագրումը թողնելով պատվիրակության հայացողությանը: Դեկտ. 3-ին կազմվեց հեռագիր (հայտնի չէ հաղորդվել է թե ոչ), որի համաձայն Ա. Խատիսյանի պատվիրակությունը զրկվում էր իր լիազորություններից, բայց այն խիստ ուշացած էր. Դրոյի հետ խորհրդակցելուց հետո Ա. Խատիսյանը հրավիրել էր հայկ. պատվիրակության նիստ և հայտարարել, որ կառավարությունը պատվիրակության վրա է դնում պայմանագիրը ստորագրելու կամ մերժելու պատասխանատվությունը: Որոշվում է ընդունել թուրք. պայմանները և ստորագրել պայմանագիրը: Դեկտ 2-ի երեկոյան, վերջին`4-րդ նիստում Խատիսյանը հայտարարեց, որ իրենք ընդունում են պայմանագրի նախագիծը: Նիստի ընթացքում քննարկվեցին նախագծի կետերը, բայց էակա փոփոխություններ չկատարվեցին (հաջողվեց միայն Հայաստանին միացնել Կարսի մարզի Աղբաբայի շրջանի մի մասը և զորքերի թիվը 1200-ից հասցնել1500-ի): Դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը պայմանագիրը ստորագրվեց (տե՛ս Ալեքսանդրապոլի պայմանագիր 1920):


 

Գրականության ցանկ
 

 

«Հայկական հարց» , Երևան, 1996թ.

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am