Ադրբեջանի թշնամական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ
1813 թ. Գյուլիստանի պայմանագրով Ղարաբաղը (Արցախը) միացվեց Ռուսաստանին: Ցարական Ռուսաստանի XIX դարի վարչական ռեֆորմների հետևանքով երկրամասը մտցվեց Ելիզավետպոլի նահանգի կազմի մեջ և այդ վիճակը պահպանվեց մինչև 1917 թ. ռուսաստանյան երկու հեղափոխությունները:
Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի մաս, քանզի մինչև 1918 թ. Անդրկովկասի տարածքում այդպիսի պետություն գոյություն չի ունեցել:
1918 թ. Անդրկովկասի երեք հանրապետությունների ստեղծումից և հունիս ի 4-ի Բաթումի պայմանագրից հետո Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը հավակնություններ ներկայացրեց պատմական Հայաստանի մի շարք տարածքների, այդ թվում և Ղարաբաղի նկատմամբ: Քաղաքական այդ բարդ պայմաններում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ի վիճակի չեղավ պաշտպանության տակ վերցնել բոլոր հայկական գավառները, ուստի գործի կազմակերպումը ստանձնեցին տեղերում գործող հայ քաղաքական ուժերը: Ղարաբաղում գործող քաղաքական կազմակերպությունների նախաձեռնությամբ 1918 թ. հուլիսի 22-26-ը Շուշիում անցկացվեց երկրամասի հայության առաջին համագումարը, որի աշխատանքներին յուրաքանչյուր գյուղից մասնակցում էր մեկական պատգամավոր: Համագումարում քննարկվեցին Ադրբեջանին դիմակայելու, տեղական իշխանության մարմիններ ընտրելու և երկրամասի ճակատագրի հետ կապված մի շարք այլ հարցեր:
Համագումարը Լեռնային Ղարաբաղը հայտարարեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց երկրամասի Հայոց ազգային խորհուրդ և յոթ հոգուց բաղկացած ժողովրդական կառավարություն:
1918 թ. սեպտեմբերի 15-ին թուրքական զորքերը գրավեցին Բաքուն: Դա ավելի ոգևորեց Ադրբեջանի մուսավաթական կառավարությանը, որր փորձեց սեփական նվաճողական ծրագրերը իրականացնել թուրքերի միջոցով: Դեռևս 1918 թ. օգոստոսի 18-ին թուրքական զորքերի հրամանատար Նուրի փաշան արցախցիներից պահանջել էր ճանաչել Ադրբեջանի իշխանությունը: Դրանից հետո նա հայերից և թուրքերից կազմված պատվիրակություն է ուղարկում Շուշի, որպեսզի բնակչությանը նախապատրաստեն առանց դիմադրության ընդունելու թուրքական հրամանատարության և Ադրբեջանի կառավարության կարգադրությունները: Նուրի փաշայի վերջնագիրն անակնկալի չբերեց Լեռնային Ղարաբաղի հայությանը: Թշնամուն դիմակայելու համար այդ օրերին երկրամասում կազմակերպվեցին զորակայաններ և նշանակվեցին զորահրամանատարներ: Վարանդայի զորահրամանատարն էր Սոկրատ բեկ Մելիք-Շահնազարյանը, Դիզակինը՝ Արտեմ Լալայանը, Խաչենինը՝ Ալեքսան Դային, Զրաբերդինը՝ Բագրատ Նազարյանը: Ինքնապաշտպանությանը մասնակցողների թվաքանակը կազմում էր շուրջ 3 հազար մարդ, բայց հնարավոր էր այն հասցնել մինչև 10 հազարի: Սույն խնդիրը լուծելու համար պակասում էին միջոցներ, հատկապես՝ զինամթերք:
Թուրքական վերջնագրին պատասխան տալու Համար 1918 թ. սեպտեմբերի 17-ին գումարվեց երկրամասի հայության երրորդ համագումարը: Եռօրյա քննարկումներից հետո որոշվեց մերժել զինաթափման և Ադրբեջանի իշխանություններին ենթարկվելու պահանջը, նրանց զորքերի մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք: Բայց թուրքական ուժերն ուղղություն վերցրին դեպի Շուշի: Թշնամու զորքերի հետևից թալանի նպատակով դեպի երկրամաս շարժվեցին ադրբեջանական հրոսակախմբեր, որի հետևանքով ավերվեցին և թալանվեցին Ասկերանի բազմաթիվ բնակավայրեր: Արցախի ինքնապաշտպանության ուժերն ստիպված դիմեցին զենքի: Թուրք-մուսավաթական հրոսակներին վիճակված էր ամեն մի բնակատեղի գրավել մարտերով: Միայն սեպտեմբերի 24-ին թուրքական առաջատար զորամասերին հաջողվեց մտնել Շուշի: Թուրքական հրամանատարությունը ցրեց Ղարաբաղի ժողովրդական կառավարությունը, ձերբակալեց ավելի քան 60 մտավորականի, որոնց թվում էր երկրամասի Հայոց ազգային խորհրդի նախագահ Եղիշե Իշխանյանը:
Թեև Շուշին ընկավ թշնամու ձեռքը, բայց երկրամասի ինքնապաշտպանության ուժերը շարունակեցին պայքարը: Արցախահայության պայքարի հերոսական էջերից է Վարանդայի հայության հերոսամարտը Ասլանիկի (Ասլան Մուրադխանյան) գլխավորությամբ:
1920 թ. մարտի 22-ին Լեռնային Ղարաբաղում սկսվեցին կռիվներ: Մուսավաթականներն արցախահայության դեմ կենտրոնացրել էին զգալի ուժեր: Հրդեհվեց Շուշիի հայկական թաղամասը (7 հազար տուն), կոտորվեց քաղաքի հայ բնակչության մեծամասնությունը: Ամենաթեժ մարտեր տեղի ունեցան Ասկերանի ճակատում, որտեղ նահատակվեց շրջանի ինքնապաշպանական ուժերի հրամանատար Դալի Ղազարը: Հայկական ջոկատները կենաց ու մահու կռիվներ էին մղում բազմաթիվ մարտերում կոփված հրամանատարների ղեկավարությամբ (Զ. Մեսյան, Հով. Ստեփանյան, Ալեքսան Դայի, Սասունցի Մանուկ և ուրիշներ):
Հայաստանի կառավարությունը որոշեց օգնություն ուղարկել Արցախին: 1920 թ. ապրիլի 17-ին Ղարաբաղ մտան Դրոյի, ապա Գ. Նժդեհի հրամանատարության տակ գտնվող զորքերը: Տեղի հայկական ուժերի հետ միասին նրանք պարտության մատնեցին թշնամուն և ստիպեցին նահանջել:
1920 թ. ապրիլի 25-ին Վարանդայի Թաղավարդ գյուղում տեղի ունեցած արցախահայության իններորդ համագումարը որոշեց չեղյալ հայտարարել յոթերորդ համագումարի կողմից ընդունված Ադրբեջանի կառավարության հետ ժամանակավոր համաձայնագիրը և երկրամասը հռչակեց Հայաստանի Հանրապետության անբաժան մաս:
Երեք օր անց Աղրբեջանը խորհրդայնացվեց: Թվում էր, թե նոր իչխանությունը վերջ կդնի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մուսավաթական Ադրբեջանի նվաճողական քաղաքականությանը, սակայն հաջորդ իսկ օրն այդ հանրապետության նոր ղեկավարությունը պահանջներ ներկայացրեց Ղարաբաղի և Զանգեզուրի վերաբերյալ:
Մայիսի 1-ին նման պահանջով Հայաստանի կառավարությանը վերջնագիր ներկայացրեց Ադրբեջանը խորհդայնացրած 11-րդ կարմիր բանակի հրամանատարությունը: Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը համաշխարհային հեղափոխության սլաքը ուղղել էր Արևելք և տվյալ պահին Հայաստանը, որը սեպի պես խրված լինելով, այդպես կոչված, «Հեղափոխական Արևելքի» մարմնի մեջ, խոչընդոտ էր «Հեղափոխական ուժերի» միավորման ճանապարհին:
1920 թ. մայիսի սկզբներին 11-րդ կարմիր բանակի զորամասերը շարժվեցին Արցախ: Կարմիր բանակի պատվիրակությունը Սահակ Տեր-Գաբրիելյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ Դրոյի հետ և պահանջեց հայկական զորամասերը դուրս բերել երկրամասից: Բախումը խորհրդային Ռուսաստանի զորքերի հետ կարող էր հանգեցնել պատերազմի, ուստի մայիսի 25-ին Դրոն ստիպված եղավ իր զորքերր դուրս բերել Ղարաբաղից: Մեկ օր անց Թաղավարդում գումարված արցախահայության տասներորդ համագումարը երկրամասը հայտարարեց խորհրդային, կազմեց հեղկոմ՝ Սաքո Համբարձումյանի նախագահությամբ: Միաժամանակ կազմվեց Դաշտային Ղարաբաղի հեղկոմ՝ Բ. Վելիբեկովի նախագահությամբ: Դաշտային Ղարաբաղի մաս հայտարարվեցին Լեռնային Ղարաբաղի որոշ շրջաններ: Հունիսի 16-ին երկու հեղկոմները միավորվեցին և միացյալ հեղկոմի նախագահ նշանակվեց Վելիբեկովը, իսկ նստավայր ընտրվեց Նուշին:
Այդպես ողջ հայկական Արցախն անցավ խորհրդայնացված Ադրբեջանի ձեռքը: