Հանրագիտարան >> Հայոց պատմության հանրագիտարան >> Հայ փիլիսոփայությունը զարգացած ավատատիրության շրջանում

  Հայ փիլիսոփայությունը զարգացած ավատատիրության շրջանում: Զարգացած ավատատիրության պատմաշրջանում արհեստների ու առևտրի վերելքը, քաղաքային բնակչության դերի բարձրացումը, քաղաքային աշխարհընկալման և մշակույթի հանդես գալը էականորեն ազդեցին հայ փիլիսոփայության զարգացման ընթացքի վրա: Քաղաքային տնտեսությունը, արտադրողական ուժերի աճը մեծացնում էին բնական գիտությունների, ճշգրիտ գիտելիքի դերը, ուստի առաջին գծի վրա քաշվեց բնափիլիսոփայական ուղղությունը: Հանքաբանության, աշխարհագրության, կենսաբանության, բժշկագիտության Հիման վրա հետագա զարգացում ապրեց փիլիսոփայական մտքի բնագիտական հոսանքը:

 IX-XI դդ. շարունակում էր իր որոշակի ազդեցությունր պահպանելնորպլատոնականությունը, որի խոշորագույն ներկայացուցչի՝ Դավիթ Անհաղթի ժառանգությունը մշտական հետաքրքրության առարկա էր մնում: Հայ հեղինակների շրջանում հեղինակություն էին վայելում նաև Դիոնիսիոս Արեոպագեցու նորպլատոնական գաղափարները, որոնք հայտնի էին Ստեփանոս Սյունեցու թարգմանությունների շնորհիվ: Նորպլատոնական կարևոր գաղափարներից մեկի համաձայն մարդը իր մտավոր ու հոգեկան կարողություններով պետք է ձգտեր նմանվել և մերձենալ Աստծուն, որպեսզի կարողանար ձուլվել նրան: Այս գաղափարի հանճարեղ արտահայտիչը հայ իրականության մեջ Գրիգոր Նարեկացին էր (950-1003), որը քրիստոնեական բովանդակությամբ հարստացրեց նորպլատոնական դրույթները: «Մատյան ողբերգության» բարձրարվեստ երկում գերիշխող է գերագույն լարումով Աստծո հետ համաձուլվելու գաղափարը, ուստի նրա հեղինակի համոզմամբ հավատացյալը պետք է անդադար խոստովանի ու քավի իր մեղքերը. հաղթի իր մարմնական ձգտումները և ձուլվելով երկնային Տիրոջը՝ դառնա նրա մի մասնիկը:

 Նորպլատոնական գաղափարները սրտամոտ էին նաև հայ իրականության մեջ միակ աշխարհիկ փիլիսոփա Գրիգոր Մագիստրոս Պահլավունու (990-ական թթ.-1058)<< Մանուչե և Գրիգոր Մագիստրոս >> (մանրանկար, Մատենադարան): համար: Սակայն հետազոտական ձգտումները, շրջապատող սոցիալական միջավայրը պայմանավորեցին նրա հակումը դեպի փիլիսոփայական ռացիոնալիզմ և բնափիլիսոփայություն: Նա Պլատոնի մի շարք գործերի և Էվկլիդեսի «Տարերք երկրաչափության» հայտնի երկի թարգմանիչն է, հին հունական դիցաբանության ու գեղարվեստական գրականության դիտակ և երկրպագու: Նորպլատոնականությունից չկտրվելով հանդերձ՝ Գրիգոր Մագիստրոսը արձագանքում էր իր ժամանակի պահանջներին և զգալի առաջընթաց քայլ կատարեց հայ փիլիսոփայական մտքի զարգացման բնագավառում:

 Ժամանակի ականավոր հայ բնագետ, բանաստեղծ և փիլիսոփա Հովհաննես Սարկավագ Իմաստասերը (1045-1129) իր տեսակետներր հիմնում էր բնական գիտությունների տվյալների վրա. նա դարձավ բնափիլիսոփայական ուղղության հիմնադիրը հայ իրականության մեջ: Մեծ արժեք է ներկայացնում նրա առաջ քաշած այն միտքը, որ ճանաչողության գործընթացում վճռական նշանակություն ունի փորձը: Արևմտյան Եվրոպայում նույն տեսակետին հանգեց հռչակավոր անգլիացի փիլիսոփա Ռոջեր Բեկոնը միայն երկու դար անց՝ XIII դ. վերջին:

 Հայ փիլիսոփայական մտքի պատմության մեջ բնագիտական ուղղությունը ներկայացնում են նշանավոր բժշկագետներ Մխիթար Հերացին (XII դ.), Գրիգորիսը (XIII-XIV դդ. ) ականավոր մատենագիր և փիլիսոփա Հովհաննես Երզնկացին (XIII դ.): 

 XIII-XIV դդ. Հայաստանում տարածում ստացան նոմինալիստական ուսմունքները: Նոմինալիստների և ռեալիստների բուռն բանավեճերը ուղեկցում էին միջնադարյան փիլիսոփայության զարգացումը արևմտաեվրոպական երկրներում և հանգում էին հետևյալ առանցքային հարցին, ո՞րն Է առաջնայինը և ռեալ գոյություն ունեցողը, այլ խոսքով՝ առաջնայինը ընդհանուր (ընդհանրականը) հասկացությու՞նն է, թե իրարից անջատ, առանձին հասկացությունները: Ռեալիստների կարծիքով ռեալ գոյություն ունեին միայն ընդհանուր հասկացությունները, որոնք առանձին իրերի նախագաղափարներ են, և դրանցից է կախված իրերի լինելիությունը: Նոմինալիստների համոզմամբ ընդհանրականը առանձին իրերի սոսկ անուններն են, և ռեալ գոյություն ունեն միայն առանձին իրերը: Նոմինալիզմի առաջին խոշոր ներկայացուցիչը XIII դ. Կիլիկյան Հայաստանի քաղաքական գործիչ և փիլիսոփա Վահրամ Ռաբունին Էր: Հաջորդ դարում նոմինալիստական փիլիսոփայությունը զարզացման նոր աստիճանի բարձրացրին Տաթևի համալսարանի ականավոր ուսուցչապետներ Հովհան Որոտնեցին (1313-1386) և Գրիգոր Տաթևացին (1346-1409):


 


                                                                                                        Մարգարյան Հ.


 


Տես նաև՝

Հայկական մշակույթը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ պատմագրությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Իրավական ակտերը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ գեղարվեստական գրականությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ ճարտարապետությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ քանդակագործությունը և որմնանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում:

Հայ մանրանկարչությունը զարգացած ավատատիրության շրջանում:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am